Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/298

Այս էջը սրբագրված է

հանձնել տվավ այդ ավանդը և ոչ ուրիշի մը. այս հարցումը իր տարակույսները վանեց. աստված այս առիթը կը ներկայացներ իրեն հարստանալու համար, և ինք՝ իբրև խելացի մարդ՝ առիթեն օգուտ կը քաղեր, մինչդեռ անխելք մը այդ բանը չպիտի մտածեր, այսպես բացատրեց աստուծո կամքը և ճշմարիտ գոհունակությամբ մը ավելցուց.

— Կամք տյառն օրհնյալ եղիցի։

Անդին՝ ննջեցյալին ազգականները կարոտության, չքավորության մեջ կը մնային, անոր այրին Մարտիրոս աղային կը դիմեր պզտիկ օգնություն մը հայցելու համար, իբրև իր ամուսնին սրտակից բարեկամեն։

Մարտիրոս աղա չզլացավ այդ օգնությունը, բայց այս դիմումը իր տարակույսները նորեն արթնցուց. պահ մը խորհեցավ որ ըրածը ճշմարիտ գողություն մըն էր. բայց ո՞ր մեղքը թողություն չստանար եթե մարդս մեղայի գա. ու այս հույսով, սարաֆը թախանձագին ներում մը խնդրեց.

— Մեղա՜ տեր։

Պահ մըն ալ ըսավ որ ազգականներուն դրամը տա բայց ազգին դրամը պահե. ի՞նչ է վերջապես ազգին դրամը. չէ՞ մի որ ուրիշ մը պիտի ուտեր։

Այս վարանումներով կը պահեր, այսինքն կը գործածեր ստակը որ իր ճարպիկ ձեռքերուն մեջ արդյունաբեր կը դառնար, բարեբախտ դեպքերով կը կրկնապատկվեր, այնքան որ այս հաջողությունը իր գողության արդարացումը կ՚ըլլար և իր զղջման ընդունելի եղած ըլլալուն ապացույց, զղջում մը զոր սովոր էր ա՛լ հայտնելու ամեն առթիվ, խորունկ հավատքի ձայնով մը.

— Մեղա՜ տեր։

<1890>