Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/299

Այս էջը սրբագրված է

ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻՆ ՎԱՂՈՐԴԱՅՆԸ


Ա.

Ձեղունին ապակյա լուսամուտեն, նրբանցքներով վրա բացվող պզտիկ պատուհաններեն, առտվան լույսը թատրոնեն ներս կը սպրդեր,— ցրտին ու դողահար լույս մը, դուրսը տեղացող ձյունին սպիտակ ցոլացումը գոգցես, որ սրահին շիկորակ լույսերուն քով՝ կը տժգուներ, կը մարեր:

Ներսը կը պարեին, երաժշտության ոգևոր շեշտերեն մղված, հորձեռանդն ու տենդահույզ, ուշադրություն չընելով այս կանխահաս առտվան, ու սրահին տաք ու աղմկալից մթնոլորտին մեջ երկարելով այս ձմեռ գիշերվան զբոսանքն ու հաճույքը։

Երեսները՝ ա՛լ կը բացվեին. առջի գգուշությունը՝ սևաթույր կամ վարդերանգ մետաքսե դիմակներուն հետ մեկդի կը նետեին ամենքը, այս պահուս մտերիմ դարձած իրարու: Կես գիշերեն ի վեր անընդհատ տևող պարերուն հարուցած փոշին, այրերու սև զգեստներուն ու ձյունաթույր փողկապներուն, կիներու արդուզարդին և նուրբ շպարին վրա կը տեսնվեր:

Հոգնած, հուլացած, դեռ կը շարժեին, հանդարտելու մոտ եղող ծովի մը վերջին կոհակներով պես: Քիչ քիչ, առտվան լույսը կը զորանար, անկյուններուն ու անցքերուն մեջեն

18 Գրիգոր Զոհրապ