Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/301

Այս էջը սրբագրված է

ճամփան, ուղիղ փողոցի մը մեջեն, սառույցե սահուն քարահատակին վրա. տուն կը դառնար:

Եվ ամեն մեկ քայլափոխին՝ ոտքերուն տակ ճմլվող ձյունին միօրինակ խշրտուքը պարի եղանակներ կ՚արթնցներ մտքին մեջ, վալսը՝ իր թախծալից բանաստեղծությամբը, մազուրքան՝ իր- ընդհատված նվագներով։

Վաստակաբեկ ու դանդաղ քայլերուն հետ քաղվածք մը կըներ իր երեկույթեն. և երաժշտության, պարի, գույներու, ծանոթ ու անծանոթ դեմքերու մեջեն, կնոջ պատկեր մը միայն կը մնար, վես, խռովիլ ու ամբարտավան դեմք մը, որուն արհամարհոտ և բարձրաձայն ծիծաղը կը հնչեր իր ականջին մեջ, իր հոգվույն խորը:

Առջի տեսնելուն կանգ առած էր այդ տիկնոջ քով որ պարահանդեսին մտերմական ու ընտանեկան ձևին համար անշուշտ իր օթյակը ձգելով պարասրահը կ՚իջներ, ձախ ձեռքովը հանգրիճած իր վարդագույն բեհեզե շրջազգեստը, ծանոթներու, մտերիմներու բաժնելով իր ժպիտը ու գլխու թեթև բարև մը։

Այդ վայրկյանեն չէր կրցած հեռանալ անոր քովերեն, ժամ մը ամբողջ լրտեսելով խոսակցությունը, շարժումը, ակնարկը, նախանձելով զայն բոլոր քովը մոտեցող մարդոցմե, մեծ մասամբ տարիքոտ դրամատերեր որոնց ալևոր երիտասարդ կնոջ սևաթույր մազերուն կը քսվեր։

Փոխն ի փոխ անոնց թևն էր, սրահին շրջանը ընելով ու պարծենալով կարծես մեծ անձերու իրեն դեմ ցույց տված քծնող ու ցավատանջ ցանկության համար։ Պահ մը ուշադրությամբ դիտած էր զինքը, իր համառ ու շրջապատող նայվածքին պատճառը հասկնալու համար, հետո դառնալով իր քովի անձին՝ ցույց տված էր զինքը. անունը կը հարցներ թերևս. ծանոթ մեկը չէր, ըսած էին։

Ու ինքը հեռուն անշարժ կը կենար, դիտելով անոր գեղաշնորհ հասակը ու լեցուն ուսերուն շրջագիծը որ երկուստեք մեջքի կ՚ամփոփեր, կը սեղմեր։

Այսպես պիտի տևեր մինչև լույս, եթե բարեկամ մը չհանդիպեր ու հանձնառու չըլլար այս տիկնոջ մոտ առաջնորդելու