Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/307

Այս էջը սրբագրված է

երևույթ մը ուներ, առջի օրեն՝ փեսացուին մեկնելեն վերջը՝ իր տպավորությունը չէր ծածկած բնավ:

— Ո՞ւսկից գտաք այս այվազը:

Վերջը համոզվեցավ. բարեկամուհիներ խրատեր էին զինքը:

— Հո՛գդ, թող այվազ ըլլա, դուն նորեն սիրտիդ սիրածը գտիր։

Ամուսնացավ ու այս հարսնիքը երկար ատեն խոսվեցավ Պոլսո մեջ. մինակ առտվան սուփեին երկու հարյուր ոսկի ծախսված էր։ Հետո զատ տուն տեղ ըլլալ հարկ եղավ. Փերա բնակիլ կ՚ուզեր, իր խոսքը եղավ։ Միսք փողոցը տարին 120 ոսկի վարձքով տուն մը վարձեցին ու կահավորեցին, հարսը իր եվրոպական կրթության համեմատ ապրելու եղանակ մը հաստատեց, իրեն հատուկ սրահ, սենյակ ու ննջասենյակ ուներ, զորս իր ճաշակով զարդարած էր փլյուշի, աթլասի կերպասներով, ուր լույսը կ՚արգիլվեր երիցս վարագուրյալ պատուհաններեն։

Վաճառականը բան մը չէր հասկնար այս անօգուտ շռայլութենեն, պատերուն, աթոռակներու վրա դրված Չինի ու Հնդկաչինի հազար մանրակերտ նյութերեն որոնց ոսկեզօծ նկարները այս մութ սենյակներուն մեջ կը փայլեին, նվիրական տեղ մը մտնելու պես կուգար հոս, որ ոտք կոխելու տեղ չկար, և ուր մթնոլորտը հարսին գործածած էքսթռեներուն բուրումովը թանձրացած էր, մինչդեռ պատերը ու տախտակամածը ծածկող օթոցները ամեն ձայն ու աղմուկ կը խեղդեին:

Հետո երեկույթներու և ընդունելությանց շարքը սկսավ. ամեն կողմե կը հրավիրվեին իրենք և պարտավոր էի, հրավիրելու. էրիկը հլու և հնազանդ, չէր կրնար դիմադրել. իրենց դիրքը կը պահանջեր, և տարի, երեք չորս հեղ տիկին Հովսեփյան Փերայի հայ և օտարազգի մեծ ընտանիքները իր տունը կը հավաքեր՝ ճշմարիտ պարահանդեսներ տալով:

Կր զբոսնուր, թողլով որ ամեն տեղ էրիկը իր բամբակի, աֆիոնի արտադրության, մաքսի, պալյաի խնդիրները պտտցնե ուզածին պես։