Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/308

Այս էջը սրբագրված է

Ամառը Փրինքիփո կ՚երթային օդափոխության. չէին կրնար էսնաֆի պես ամբողջ տարին միևնույն տունը բնակիլ. հոն ալ հյուրերը պակաս չէին և այս կյանքը կը շարունակվեր, ապահով ու ստույգ կործանման առաջնորդելով իր էրիկը, ինքը այդ անդունդին կը նայեր անտարբեր, գրեթե հաճույքով, հետաքրքիր՝ հասկնալու համար անոր հետևությունները:

Չորս տարվան ընթացքի մը մեջ բոլորովին զզված էրկանը առևտրական խոսակցութենեն, հետզհետե կը զղջար իր ամուսնության վրա որ շղթայակապ դատապարտություն մը կը դառնար, ու հազար անգամ պատրաստ էր փոխելու այս աֆիոնով խառնված հարստությունը, սրտի մոտ մարդու մը բարեկամությանը հետ։

Ոչ կիրք և ոչ ցանկություն ուներ իր ամուսինը և կինը իր տենդաբորբ հյուծումներովը կը սպառեր, կը հիվանդանար, բժիշկը՝ գաղտնապահ ու շնորհալի տոքթոր մը՝ կուգար եթե ոչ առողջացնելու, գեթ սփոփելու համար հիվանդը. տիկին Հովսեփյան իր քնատութենեն կը գանգատեր, բժիշկը կը զարմանար. այսչափ աֆիոնի մոտ մարդու մը կինը քնատութենե գանգատե՞ր և իր քյոռալներուն պետք ունենա՞ր:

Ճշմարիտ էր սակայն որ տիկին Հովսեփյան շատ գիշեր կը լուսցներ, տենդոտ ու երազամոլ, և առտուն՝ գեղեցիկ աչքերուն կտրած կոպեն, տժգունած երեսեն գիշերվան տագնապները կը կարդացվեին դեմքին վրա:

Իր դժգոհությունը էրկանը դեմ կը դառնար և կը զայրանար այն օրինավոր հարստության դեմ զոր անոր երեսեն կը վայելեր ու հիմարական կարգադրություններ կ՚ըներ մտքովը, իր էրկանը կործանման ակնդետ սպասելով:

Իր արդուզարդերը կը մտադրեր պատրաստել իր մտերիմներուն ընծաներեն. հագուստը բոլոր հարաբերությանցը ամփոփումը պիտի ըլլար, տեսակ մը քառնե ուր ամեն ոք իր անունը պիտի արձանագրեր։

Եվ ոչ ոք կար իր մոտը խրատելու համար զինքը և դարմանելու իր հիվանդ հոգին:

Այդ միջոցին աֆիոնի գիները մեծ անկում մը ունեցեր էին և ահագին քանակությամբ ապրանք կար էրկանը ձեռքը, որ