Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/310

Այս էջը սրբագրված է

կը համակվեր իր քովը. և այս դրական կինը երազացնոր հրեշտակի մը կերպերը կը զգենուր, իր սրահին մեջ, անկյուն մը, գլուխ գլխի, անոր ուսին վրա հակելով իր ժպտուն դեմքը, կարմիր լուսարգելին տակեն արձակվող մեղմ նշույլներուն մեջ, տիկին Հովսեփյան բանաստեղծին կ՚ունկնդրեր։

Անդին կը փսփսային հյուրերը, դժգոհ այս բացառիկ շնորհեն զոր նորեկը կը վայելեր, բայց կը ստիպվեին տեղի տալ, գիտնալով որ տիկնոջ այս հովվերգությունը չէր կրնար շարունակվիլ։

Հետո այս ուսուցիչ սիրահարին անունը կը տարածվեր բերնե բերան, տունե տուն, կը քննադատեին, կը գովեին, կը խնդային, ի՞նչ բախտավոր էր այս երգիչը իր քնացուցիչ քերթվածներովը. հայտնի էր որ տիկին Հովսեփյանին ճակատագիրն էր թմրեցուցիչներու մեջ տարուբերիլը. այս դիտողությունը կը ծափահարվեր այն տուներուն մեջ որոնց տիրուհիները չէին երբեք հանդուրժեր անոր գերազանցությանը։

Նարդիկ թող կու տար որ ըսեին, ներքին գոհունակություն մը կ՚ունենար չսելով իր հանած աղմուկին արձագանքը. այո՛, բանաստեղծ մը կը սիրեր որ գեղեցիկ երիտասարդ մը ըլլալու առավելությունը ուներ, ճշմարիտ ու անկեղծ սեր մը փնտրած ու գտած էր։

Երիտասարդը միայն շվարած կը մնար իր անակնկալ հաջողության առջև, իր ձեռքն էր ամեն գոհացում ստանալ. զորապետներ կան որոնք իրենց տարած հաղթության օգուտը քաղել չեն գիտեր, ուսուցիչը անոնցմե էր:

Երջանիկ էր հիմա տիկին Հովսեփյանի սրահին մեջ. այս ճոխությունը, փակ վարագույրները, աթոռներու կակուղ կերպասը, ամեն ինչ մեղկության ու երանության կոչում կ՚ընեին իրեն, և այս ամենուն մեջ հեշտաբույր հոտ մը, տիրուհիին հոտը կուգար իր ատեն ատեն սպասելու համար անցուցած ժամանակը մոռցնելու, հետո դռնեն կ՚երևար տիկինը՝ միշտ թարմ, միշտ նոր հրապույրով, դերերը կը փոխվեին, ուսուցիչը աշակերտ կը դառնար։ Ու հանկարծ քմահաճույք մը կ՚ունենար, երիտասարդը իր ճաշակովը հագվեցնելու կ՚ելլեր, հրահանգներ կու տար զգեստներուն համար, փողկապի ու