Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/311

Այս էջը սրբագրված է

շապիկի համար Քևոնի վաճառատունը կը հանձնարարեր, և ութ օր վերջը երիտասարդը կուգար իր նոր հագուստներով, զորս վայելչապես կը կրեր, և որոնց համար, ատենով Քռետի Լիոնեի քով ձգած ստակեն՝ շունչ ու կյանք սպասելով հավաքած դրամեն՝ մաս մը ետ առնելու ստիպված էր։

Երբեմն տիկինը թատրոն կ՚երթար և կը փափագեր որ հոն գտնվեր ինքն ալ. կը հնազանդեր. ու այսպես քիչ քիչ կը պարտավորվեր հանձնառու ըլլալ այն անվերջ ծախքերուն որոնք այս կերպ կյանքի մը պետք են. իր գավառացիի խնայող սովորությունը կը բողոքեր այս ընթացքին դեմ. դրամի ու կնոջ սերը կը մաքառեին իր մտքին մեջ. կամաց կամաց թողած էր իր բոլոր դասերը, սիրո ժամադրություններուն պատճառով ոչ մեկ տեղ կրցած էր կանոնավորապես շարունակել իր պաշտոնը, հոգը չէր. տիկին Հովսեփյանի մեկ ժպիտը, մեկ ձեռքի սեղմումը կը փոխարիներ այս կորուստը, բայց Քռետի Լիոնեի ստակը կը հատներ ծաղկեփունջերու ու պզտիկ նվերներու հատկանալով, վասն զի հիմա գիտեր այս աշխարհիկ սովորությունները, միայն թե այս ամենուն եզրակացությունը կ՚ուշանար և տիկին Հովսեփյան կը ձանձրանար:

Զ.

Սիրո համար ձանձրույթե ավելի մահացու բան չկա. տիկին Հովսեփյան հուսաց, սպասեց, բայց վերջապես ձանձրացավ, մինչդեռ երիտասարդը իր սիրո մոլեգին ու անհագուրդ ցանկությամբ կը տառապեր, երբեք պատշաճ առիթ մը չկրցավ գտնել ոչ իսկ համբույր մը առնելու այն սիրատենչ շրթունքներեն։

Հետո ստակի նեղությունը՝ իր հեռավորությունը ու ստորնությունը եկավ հիշեցնել, այս վիհը, անհատակ ու ահարկու, երևցավ իր սարսափած աչքին, հիմա ա՛լ ոչ դաս կար և ոչ ստակ. շաբաթ մը առաջ իր վերջին դրամը առած էր պանքայեն. պարտքեր ըրած էր, ինքը որ ամեն ամիս տասը փարա պարտական մնալ չէր գիտեր. ո՞ւր գացեր էին իր դրամները.