Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/312

Այս էջը սրբագրված է

սենյակին մեջ ձեռնոցներուն տուփը աչքին դպավ՝ գույնզգույն հավաքածոյով, ու իր գավառացիի լուրջ միտքը արթնցավ: Չհամարձակեցավ ապագայի վրա խորհիք. իրեն սփոփանք մը կը մնար, տիկին Հովսեփյանը՝ իր անձնվեր ու հավատարիմ կնոջ սիրովը, և սակայն, իր անկման և աղքատության մեջ, ա՛լ չպիտի կարենար ներկայանալ անոր տունը, և հեռվեն միայն, ուրիշներու հետ պտտած, ժպտած ատեն պիտի կարենար տեսնել Նարդիկը, ինչպես պարահանդեսի գիշերը դիտած էր անկյուն մը քաշված։

Այս մտածումներուն մեջ իր աղքատիկ սենյակը չարաշուք գույն մը ստացավ, անձնասպանության գաղափարը փայլակի մը պես անցավ իր մտքին մեջեն:

Այն գիշեր դուրս չելավ իր սովորությանը հակառակ ու մինակը իր կյանքին հաշիվը փնտրեց, գավառը, Պոլիս գալը, պանդուխտ դպրոցականի կյանքը, դասատուի նվաստ անցյալը, բոլորը ողբալի պատկեր մը կը կազմեին, և այս ամենուն վրա արև մը կը ծագեր լուսավոր, պայծառ, կնոջ մը ակնարկը որ իր բոլոր թշվառությունները համակրելի կը դարձներ, կես գիշեր էր. հագվեցավ առանց գիտնալու ինչ ընելիքը, դուրս ելավ փողոցը, որ կողմ երթալիքը չգիտնալով։ Մեծ Փողոցին մեջ ուշադրության արժանի բան մը չգտավ, և գիշերը մութին կը թափառեր աննպատակ, երբ հանկարծ ծանոթ տան մը առջև տեսավ ինքզինքը. Հովսեփյաններու տունն էր, լույս կար, բազմություն կար, խնդալու ձայները մինչև փողոց կը հասնեին։

է.

Միացյալ Ընկերությանը Տնօրեն Խորհուրդին կ՚անդամակցեի. կարող պաշտոնյաներ կը փնտրեինք մեր լուսավորության գործին ծառայելու, անձնագոհ ու համեստ մարդեր որոնք իրենց միտքն ու հոգին նվիրեն առանց աղմուկի, պարտականություն մը միայն կատարող մարդոց պես. կը փնտրեինք ու չէինք գտներ։