Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/313

Այս էջը սրբագրված է

Երիտասարդ մը ներկայացավ մեր ժողովին. Դավիթյանն էր:

Պաշտոն խնդրելու կուգար Ընկերության վարժարաններուն մեջ. իր վրդոված դեմքեն կրած տառապանքը կը հասկցվեր, նիհարցեր, աչքերը հորը ինկեր էին. հանձնարարեցի զինքը ու հարմար պաշտոն մը փնտրեցինք. Ալաշկերտի վարժարանին տնօրենությունը բաց էր. ընդունեց, աղաչելով միայն որ կարելի եղածին շուտով ճամփա ելլե:

Ժողովեն վերջը առանձին տեսնվեցա հետը, իր կսկծալի պատմությունը ըրավ ինծի. կորսնցուցած դիրքը, երկու հարյուր ոսկիի չափ դրամին հատնիլը, չքավորությունը աչքի առջև, և սրտին մեջ այս հավետ սիրեցյալ կնոջ պատկերը:

Վերջերը ա՛լ սկսեր էր իր երեսը չնայիլ. ուրիշներ, ավելի փորձ ու ճարտար սիրո արվեստին մեջ, վայելած էին զայն և ինքը իր չքավոր բանաստեղծի սիրույն ու պարկեշտությանը մեջ մոռցված էր:

Տիկին Հովսեփյան Փերայի ամենեն ըղձալի կինը կը մնար, իրեն անգամ մը մոտեցողները տարփանքով ախտացյալ ու վարակյալ կը հեռանային։

Ապաքեն ոչ ոք իր հրապույրներուն մենաշնորհը ուներ, ամենունը ըլլալ կը բաղձար այս կինը քանի որ իր էրկանը չէր, նոր անկում մը իր տարփանքին վայելքը ու սաստկությունը կավելցներ։

Շաբաթ օրը ավստրիական թղթատարը կը մեկներ և ուսուցիչը նույն օրը ճամփա ելլել որոշած էր. խոստացեր էի ուղեկից երթալ իրեն մինչև շոգենավ ու խոստումս պահեցի։

Իրիկվան ժամը իննին մեկնեցանք Ընկերության գրասենյակեն, բեռնակիր մը առջևնուս կը տաներ ուղևորին համեստ սնտուկը, ձյունը կը տեղար հանդարտ օդով մը ու ծուլությամբ կը տարածվեր, կը փռվեր ցեխոտ մայթերուն վրա. ամեն ազգ ու ամեն տարիք կը կոխեր կ՚անցներ անոր կաթնաթույր երեսին վրայեն, հոն թողլով իր գարշապարին աղտոտ դրոշմը, ձյունը կուգար կը հանգչեր, երջանիկ այս կոխոտումներում տակ:

Բաղդատություն մը եկավ միտքս այս կնոջ և այս ձյունին