Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/315

Այս էջը սրբագրված է
ԿԱՊԻԿԸ

Ա.

Գառագեղ մը չէր աս, ոչ ալ առյուծ մը մեջինը։ Մարդու հասակի բարձրությամբ վանդակ մը որուն երկաթե բանդին մեջ զետեղված թառին վրա՝ բարակ շղթայով կապված կապիկ մը կը խաղա առտվընե մինչև իրիկուն, դեմն ալ թռչունի փոքրիկ վանդակի մը մեջ թութակ մը, որուն խնդալե ճաթող մարդու քահքահը փողոցի անցորդները կը կեցնե ու դրացի տղաքը դրան առջև կը հավաքե ամեն օր։

Ամեն անգամ որ այցելության կ՚երթամ տանտիրոջ՝ որուն իշխանավայել հյուրասիրությունը, ազնվական օսմանցիի վարքը՝ զինքը ճանչցողները կը գրավե, վայրկյան մը կանգ կ՚առնեմ պարտեզին մեջ, ներս մտնելե առաջ, և թութակին աղմկալից խնդուքը, այս անհիմն ու անտեղի ուրախությունը, մարդոց շատերուն ուրախությանը պես, ինծի մտածել կուտա։

Վայրկյան մըն ալ կը կենամ կապիկին մոտ, իր ճարտար լարախաղացի մարզանքներուն կը հետևիմ աչքովս, սուր և խելացի ակնարկը կը դիտեմ. իր ջղային, գերազանցապես ջղային արարածի տագնապներուն վրա կը զմայլիմ: Հարկավ բան մը կը պակսի անոր՝ կատարյալ մարդ ըլլալու համար. ի՞նչ արդյոք, ամեն պարագայի մեջ, պակսածը զգացումը չէ:

19 Գրիգոր Զոհրապ