Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/317

Այս էջը սրբագրված է

դող կ՚ելլեր անիկա, հրճվանքի սարսուռ մը կը վազեր իր մազոտ մորթին վրա, աչքերը կը փայլեին. ցնորած, երջանկութենե արբշիռ էակի մը անկարգ ու անկապ բաները կ՚ըներ, վայրկենական կերպով հլու և հնազանդ կը դառնար, և սպասուհիին ձեռքին տակ կը դներ փոքրիկ գլուխը որ այնքան չարությամբ լեցուն էր ուրիշներուն համար. իր նիհար թաթիկը փայփայանքի մը մեղմությամբ ու անհուն հեշտության մը դողովը աղջկան դպցնել կ՚ուզեր միշտ։ Ասոնք և ասոնց նման հազար մանր ու չնչին բաներ այս սիրո տառապանքը կը մատնեին, մինչդեռ թութակը, դեմեն, ծաղրանքի խլացուցիչ քրքիջով մը կը ծիծաղեր, իր հավիտենական հեգնությունը կը դներ իր չզգացած այս ցավին ու կսկիծին վրա:

Գ.

Քիչ քիչ ճշմարիտ գայթակղության մը համեմատությունները առավ այս տարփանքը։ Կապիկը կը նախանձեր և սուր ակռաները կը կճրտեցներ Մարիղոյին մոտեցող ու խոսող էրիկ մարդոց դեմ։ Իր փոքրիկ բանտին վիզին փակչող նուրբ բայց անփշրելի շղթային արտոնածին չափ՝ ցասմնակոծ ատելություն մը կը հայտներ իր բոլոր ոսոխներուն դեմ և վախ կ՚ազդեր։ Այնքան որ հույն սպասուհին, իր կանացի բնազդովը, այս կաշկանդված անասունին վրա առաջ բերած տպավորութենեն կ՚ամչնար, կը պահվըտեր, և մյուս ծառաները կը տանեին կերակուրը, որուն, կապիկը սրդողած հիմա, հազիվ կը դպցներ իր շրթունքը. և այսպես օրերով իր զրկանքը այնքան հոժարությամբ հանձն կ՚առներ որ տերը անոր անոթութենե մեռնելեն կը վախնար։

Իր խոլ խաղերը, իր հիմար ոստումները դադրեր էին. ժամերով անկյուն մը սմքած կը կենար ան որ հանգիստ ու դադար չէր գիտեր: Միայն՝ երբոր աղջիկը դիպվածով անցներ իր վանդակին քովեն, անսահման բերկրանքի խանդով մը կը ցատկեր տեղեն, կը քաշեր շղթան, կը դառնար, կ՚ելևէջեր իր փոքրիկ տնակին մեջ: