Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/318

Այս էջը սրբագրված է

Օր մըն ալ Մարիղոն ձգեց գնաց բոլորովին և փոքրիկ կենդանին ալ իզուր սպասեց տեսնել՝ իր կապված, գամված անկյունեն՝ զգացված էակը, վայելքի պատկերը որուն իրավունք ունենալ կը կարծեր։

Դ.

Թղթախաղերնուս էն տաք մեկ վայրկյանին էր երբոր լուրը բերին, ամենքնիս իսկույն ձգեցինք ելանք խաղը, սա անհավատալի բանը աչքով տեսնելու համար։

Փայտե թառին վրա ոլորված շղթային ծայրեն, որ այսպես կարճըցած հիմա՝ մինչև գետին չէր հասներ ա՛լ, կապիկը կախված էր ուղղաձիգ և անշարժ, իր աջ թաթիկովը ուժով մը կը սեղմեր դեռ, կարծես թե կը փայփայեր, շղթան որ իր սրտահոժար մահվան գործիքը եղած էր. աչվըները գոց էին ու բոլոր դեմքին վրա, հարափոփոխ ու ծաղրածու դեմքին վրա, չեմ գիտեր ի՛նչ ծանր ու լուրջ բան մը որ այս մեռելի մանկական երեսին՝ ազատագրության մը՝ վերջնական փրկության ու հանգիստի մը վեհությունը կու տար։

Ի՞նչպես, ե՞րբ պատահեր էր ասիկա, պարզ դիպվա՞ծ արդյոք, և կապիկը, այնքան փորձ ու ճարտար, կարելի՞ էր որ մեկանց այնքան ապիկար եղած ըլլար՝ իր շղթային ոլորումներուն մեջ շնչահեղձ մնալու չափ։

Ծառաները, որոնք սակայն ամենեն աղեկ կը ճանչնային այս կապիկը, հավաստեցին թե անիկա կամովին սպաննած էր ինքզինքը, մարդոց շատերեն ավելի մեծ արհամարհանք մը ցուցնելով կյանքին։

Ու ես, զարմացած, դեռ կարծես կը դիտեմ սա շղթային ծայրեն կախված փոքրիկ մարմինը, իր վար ծռած գլխովը, ու սա փոքրիկ թաթը որ վար չիյնալու համար շղթան բռներ է։

Ժամերով պիտի կենայի ասանկ, թե որ թութակը հանկարծ իր խնդալե մարելու մոտ մարդու քահքահովը, որ կյանքն ու մահը չի զանազաներ, չգար զիս սթափեցնել:

<1899>