Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/319

Այս էջը սրբագրված է
ԶՄԱՐԱՂՏԱ

Ա.

Երբոր կարգը իրեն եկավ բան մը պատմելու, բարեկամս Էլմասյան, հարուստ ու գեղեցիկ երիտասարդ մը, որուն սիրային արկածները շատ զրուցված են Փերայի մեջ, այսպես խոսեցավ։

Գեղջուկ սովորություն մըն էր այն հույն սպասուհիին աղվորությունը որ անցյալ տարի մեր տունն էր։

Մեր փողոցին մեջ, ուր սպասուհիները կը վխտան, մեկ հատիկ էր ինքը, բոլոր խոհարարներուն, ծառաներուն ու նպարավաճառի տղոց երազած աննման աղջիկը։

Անցորդները կը կենային զինքը դիտելու համար, երբոր շաբաթ առտուները, մերկոտն ու վար ծռած, դրան սեմի քարերը մաքրելու կը զբաղեր՝ ինչպես որ սովորություն էր մեր տանը մեջ։

Այս շինականի ոտքերը պզտիկությամբ կամ փափկությամբ չէին կրնար պարծենալ հարկավ. բայց իրենց աշխատասեր բրտությանը մեջ աղվոր գիծերու ու վարդ գարշապարի մը շնորհը ունեին։

Այս դիրքով՝ արձակված ոսկի մազերուն հարուստ խուրձը,