Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/32

Այս էջը սրբագրված է

երբեմն միայն ընքվիներուն աղեղին տակ կը խրոխտային: Բերանը՝ իր զմայլելի գիծերովը ու երկու դիի անկյունեն իբրև թե հատկապես վեր առնված, անդիմադրելի պչրանք մըն էր ինքնին, և մոռցնել կուտար պռկունքին անարյունությունը:

Ոչ ոք կիներուն չափ գեղեցկության ճաշակը ու հասկացողությունը ունի. գեղեցկությունը այն միակ ճշմարտությունն է զոր կինը չի կրնար ուրանալ, նույնիսկ երբ իր թշնամիին վրա կը գտնվի. շատ հեղ լսած եմ արամբի կնոջ մը վրա պատմված չարախոսություններու, բամբասանքին, իրավ կամ սուտ ամեն կերպ աղտեղությանց ամենեն տաք վայրկյանին՝ սա հայտնությունը, որուն խորին անկեղծությունը կը զարմացնե զքեզ և պատմողին արդարասեր մեկը ըլլալուն համոզում գոյացնել կու տա։

— Ասոնք բոլորը իրավ են, բայց շուն կնիկը աղվոր է։

Սուրբիկ հանըմ հավնեցավ ուրեմն իր սպասուհիին, ապսպրեց որ վրան գլուխը մաքուր պահե, աշխատությունը սահմանեց, վարքի բարքի խրատներ տվավ։

Հետո, իմանալով որ հորմե մորմե որբ ու նոր ամուսնացած էր Տիգրանուհին, Սուրբիկ հանըմ որ Հիվանդանոցի խնամակալուհի էր ու իր ամուսնին պես սրբասեր ու աստվածավախ կնոջ համբավը կը վայելեր, իր սովորական մեծախոսություններեն քիչ մը ջարդեց.

— Ես ծառաներս զավկի պես կը նայիմ. ուրիշ տուներու մեջ անոնց հորի ջուր կը խմցնեն, դուն աղեկ գիտես, հաճի՛. ես աղբյուրի ջուր կու տամ անոնց. խոհանոցին մեջ երբոր կերակուրները չօգտեն ձեզի, ինծի անպատճառ իմաց տուր. խոհարարը ծառաները ղրկելու կ՚ելլա, ատանկ բան չեմ սիրեր ես. սա ալ ըսեմ որ կերակուրդ ուտելուդ պես խոհանոցին մեջ կենալու չես. էրիկմարդ ծառաներուն հետ պետք չէ որ նոսրի բռնվիս. հասկցա՞ր, աղջիկս. հիմա գնա՛, թող Մարիամը գործդ ցուցնե քեզի։

Մեղր ու կաթ կը վազեր բերնեն. Տիգրանուհին կատարյալ երանության մեջ զգաց ինքզինքը։