Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/320

Այս էջը սրբագրված է

հրդեհի մը պես, իր պարանոցին ճերմակությունը կ՚այրեր ու երկու կողմեն վար կը թափեր:

Խաժ աչքերը, հակառակ իր գեղացիի ամոթխած նայվածքին, կամ թերևս ատոր համար, թովիչ բան մը ունեին երբոր հառեին վրադ, սաստիկ, զգլխիչ բուրումի մր պես որ կը փակչի քեզի և ուրկե չես կրնար և չես ուզեր փախչիլ:

Ամենքը կարծեցին որ կրցա իր շնորհները վայելել, սխալեցան:

Զմարաղտան չհաճեցավ երեսս նայիր սակավախոս աղջիկ մըն էր, ինչպես կ՚ըլլան անոնք որոնց ույժը իրենց լռությանը մեջն է:

Օր մը սակայն վրա հասա երբոր կես գիշերին, դրան մոտ կը սիրաբաներ մեկու մը հետ. ուզեցի իմ բախտավոր ոսոխս ճանչնալ, այնպես մը շարժեցա որ չկրցավ անիկա խույս տալ, առանց դեմ դեմի գալու ինծի հետ. իմ ախոյանս պարզապես անկյունի մսավաճառի մանչն էր, քսան տարեկան անշահ տղա մը, աղտոտ, յուղոտ, միսի, ճարպի հոտերով ծեփված գանելիք մը։

Ինծի տեսնելուն՝ Զմարաղտան պահվրտեցավ, բայց միտքս դրի այս ախտավարակ հաճույքին գաղտնիքը հասկնալ. գիտեք որ կանացի հոգեբանությունը իմ մեծագույն զվարճալիքս է. անծանոթ, անմատչելի բևեռն է ան, որ Հյուսիսինեն ա՛լ ավելի համառությամբ կը պահե իր թաքուն հրաշալիքները:

Հաջորդ օրը կանչեցի Զմարաղտան իմ սենյակս, կարծեց որ բան մը պիտի ապսպրեմ ու վազեց եկավ. այն ատեն նստեցուցի զինքը դեմս, բռնի, աթոռի մը վրա, հանցավորի մը պես՝ որուն դատավորը կ՚ենթադրեի ինքզինքս այդ վայրկյանին։

Ապշությամբ երեսս կը նայեր ու քիչ մըն ալ կ՚ըմբռներ որ առջի գիշերվան հանդիպումը իմ հանդիսավոր ձևերուս հետ կապակցություն մը ունենալու էր։