Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/321

Այս էջը սրբագրված է

Բ.

Ու երբ տեսա զինքը այսպես մինակը,

— Աղջիկս, ըսի անոր, չեմ կրնար պահանջել որ զիս հաճելի գտնես անպատճառ, ճաշակները կը տարբերին. բայց հետաքրքիր եմ քու ըմբռնումդ հասկնալու. դո՛ւն, այդչափ շնորհալի մեկը, ի՞նչպես երեկ գիշերվան անշնորհք էակին սիրտ կու տաս:

Մտիկ ըրավ ինծի. իր դեմքին վրա գծագրված անձկությունը անհետացավ տակավ, և անփույթ, գրեթե անպատկառ ձևով մը պատասխանեց.

— Դուն, ըսավ ինծի, իրավ անկուշտ էակն ես եղեր, հարուստի, չտեսի, չհափրացողի տիպարն ես. ի՞նչ պետք ունիս հարցնելու իմ պատճառներս, անոնք չնչին ու անհասկնալի պիտի երևան քեզի, ինծի համար նվիրական են։

Ո՞վ ես դուն որ ինծի պես խեղճ ու աղքատ աղջիկ մը կը հետապնդես. կը պակսի՞ն քեզ սիրողներ. չե՞մ տեսներ ամեն օր սենյակիդ մեջ լուսանկարները բազմաթիվ սիրուհիներուդ որոնք հոն իրար կը գտնեն առանց իրար ճանչցած ըլլալու, տիկիններ ու վարձկաններ, ամեն տեսակեն ալ ունիս. ոչինչ կը պակսի քեզի:

Բախտը քեզի ամեն վայելքը լիուլի շռայլեր է անիրավ առատաձեռնությամբը, և ատիկա՝ ուրիշներու զրկանքովը շինված է:

Այն հեք պատանին որ իր աշկերտի աղտոտ ու բիրտ գրգրյակին վրա կը պտտցնե խանութին բոլոր թանձրացած հոտերը, իբր թե իր դժբախտ ճակատագիրը տաներ հետը ամեն տեղ, օրն ի բուն ամենեն նկուն աշխատության մը դատապարտյալն է. իր տաժանքին փոխարեն ստացած չնչին ու ողորմելի ամսական վարձքը, հայրենի՛քը, հո՛ն, հեռո՛ւն,— այս բանը դուն չես գիտեր,— սպասող հոր մւ, մոր մը վերջին տարիներու զրկանքը թեթևցնելու պիտի երթա. այդ ամսականը քու մեկ վայրկյանի հաճույքիդ գինն է։ Հո՛ս, իր երկրեն անջատված, նետված այդ տղան՝ ի՞նչ ունի զինքը շրջապատող այս մեծ մայրաքաղաքին ի հանդես բերած վայելքներեն: