Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/322

Այս էջը սրբագրված է

Անիկա զի՛ս գտավ միայն վիճակակից մը իրեն, զիս որ իր ազատ տարիներուն տառապանքին գիտակիցն եմ. իր բարեկամուհին եղա, չեմ պահեր քենե. տադ գեղջուկ տղան ձեր մայրաքաղաքեն բան մը չգողցավ, բան մը չպակսեցուց ձեր վայելքի իրավունքներեն. տիկինները ձերն են ու ձերը թող ըլլան, բայց գեղջուկ աղջիկը իրն է ու իրը պետք է որ մնա։


Դ.

Հետզհետե, քանի որ կը խոսեր, Զմարաղտային այտերը կարմրեր էին. վերջի բառերուն՝ ոտքի ելեր էր. իր սրտմտած աղվորությունը, սրտաբուխ պերճախոսությամբը բոլորովին հմայող բան մը դարձեր էր. վես ու ամբարտավան դիրքով մը կանգներ էր դեմս, ասպարեզ կարդալով կարծես ինծի որ իր խուքերուն ունկնդրելե ավելի լանջքին հարույցքը կը դիտեի: Եվ հաղթված ընկճված իր դեմը, հիմակ ա՛լ ավելի զայրագին իղձով մը լեցվեր էի. հլու, քամակս ծռած իր դիմացը, և պաղատագին ձևով մը՝ իբր ճշմարիտ քաղաքացի, անմիտ ու թուլ արարած, փոխանակ վիճելու հետը՝ մոտենալ ուզեցի իրեն. բիրտ ույժով մը ետ հրեց իրեն կարկառվող ձեռքերս՝ աղտոտ ու գարշ բանի մը հպումը արգիլելու պես, և դուրս փախավ։

<1898>