Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/323

Այս էջը սրբագրված է
ՄԱՐԱՊԵՏԸ

Ա.

Հազար ութ հարյուր ութսունըչորսի սկիզբները վիրաբուժական պզտիկ գործողության մը համար Փերայի Գերմանական հիվանդանոցը տարին զիս: Տասնըհինգ օրի չափ պիտի մնայի հոն. այսպես հավաստեցին ինծի զիս տարած ատեննին: Իրոք, երեք ամիս մնացի այն տեղը: Մաս մը հիվանդությունս պատճառ եղավ ասոր, մաս մըն ալ հոնկե դուրս ելլուլու դժկամակությունս: Լսվա՞ծ բան է հիվանդի մը, բժշկվելեն ետքը, հիվանդանոցին մեջ ապրելու փափագը։ Տղայության ատեն՝ դպրոց չերթալու համար սուտ հիվանդ ըլլողներ շատ են. բայց քաջառողջ երիտասարդի մը՝ ազատ ու աղվոր օդը ձգելով, անկողնի մը մեջ ամիսներով մնալու հոժարիլը շատ չի պատահիր։

Իմս այս տեսակեն էր. վերջիվերջո երևան ելավ իմ հիվանդությանս կեղծիքը, բազկերակիս կանոնավոր զարկը, կարմիր երեսներս ու գլխավորապես զորեղ ստամոքսի մը պահանջումները խոսք մեկ ըրին իմ հնարքս երևան հանելու համար. բայց ասոնցմե ավելի կարծեմ թե թուլբերանությունս էր որ ամեն բան հայտնի ըրավ: Այնպես որ օրին մեկը ըսին ինծի թե հիվանդանոցին մեջ մնալու պատճառ մը չունեի այլևս և թե հիվանդանոցը պանդոկ մը չէր։