Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/327

Այս էջը սրբագրված է

չկա որուն կսկիծի, անեծքի հեծեծանքը ունկնդրած չըլլա: Ամեն տեղ է անիկա, ուրկե հեծեծանք մը կուգա. բայց գլխավորարար էրիկ մարդոց մոտն է իր պաշտոնը, պահապան հրեշտակի պաշտոն զոր անվրդով արիությամբ մը կը վարե:

Այս անվհատ տոկունությունը ի՞նչպես մտած է այս էապես տկար ու ավշային կազմվածքին մեջ, որուն՝ երեսին թափանցիկ ոլ անգույն ճերմակությունը, սպիտակ գլխարկեն երբեմն դուրս սպրդող մազերուն դեղին ոսկին՝ հայտարար նշաններն են։

Ապաքինությունս կանոնավոր կերպով առաջ կ՚երթար և իրեն հետ երկար խոսակցություններու պատեհությունը կուտար ինծի։ Կը թվեր թե ինքն ալ կ՚ախորժեր քիչ մը իմ հախուռն վճիռներես որոնց մեջ եթե դատողությունը միշտ ուղիղ չէր, գեթ համոզումի անկեղծությունը կար, և ճշմարտազանցություններուս ներողամիտ լռությամբ մը կ՚ունկնդրեր: Երբեմն ընկերական խնդիրներու, հոգեկան փորձություններու, մարդոց ապագային վրա կը ճառեի, և այն ատեն լուրջ խոսակից մը կը գտնեի դեմս։ Ուսյալ ու զարգացած մտքի տեր կին մըն էր, և այդ պահուն մարապետի կարգը ու սարքը կր թոթափեր մեկդի, իր կարծիքը, ազատ ու համարձակ հայտնելու համար։

Խոսակցության մեջ հայտնեց որ մյունիխցի ազնվական ընտանիքի մը զավակ էր. նկարել ու երգել ալ գիտեր, խնամված դաստիարակության մը ուրիշ բոլոր առավելություններեն զատ։ Ու զարմանքս կ՚ավելնար գտնելով զինքը հոս՝ Պոլսո հիվանդանոցի մը մեջ՝ սպասավորելու, վերքերը կապելու, ցավեր դարմանելու ապերախտ աշխատության մը մեջ, երբ իրեն պես շնորհագեղ էակ մը ամեն կերպ երջանիկ օրերու արդար ակնկալությունը կրնար ունենալ, ու ճշմարիտ դյուցազնության մը հմայքը կ՚ավելնար իր հազար տեսակ հրապույրներուն վրա։

Ինքզինքս պզտիկ ու շատ պզտիկ կը զգայի անոր քով, հիմա իմ մեծաբանություններս կը չափավորեի, և խորունկեն, սրտես բխող մեծարանքով մը կ՚ողջունեի իր մուտքը իմ սենյակես: Իր ճերմակ ձյունաթույր գլխանոցը լուսավոր պսակ