Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/328

Այս էջը սրբագրված է

մը կ՚երևար աչքիս, և մտքովս կը տեսնեի անոր տակ ոսկի մազերուն ճաճանչները։

Հիմա բոլոր մտածմանս առարկան ան էր։ Հեռվեն՝ նրբանցքներուն մեջ քալելուն՝ իր թեթև ոտնաձայնը կը ճանչնայի: Սենյակես ներս մտնելուն դող կ՚ելլեի բոլոր մարմնովս ու երջանիկ էի միանգամայն։

Առջի խոսուն կատակասեր տղան չէի ալ, այլ թոթովախոս մանուկ մը և երբեմն ցնորակոծ սավառնումներով բանաստեղծ մը, երկու ծայրահեղություններ որոնց, իրոք, ճիշտ մեջտեղն է իմ տափակ նկարագիրս։

Իմ խնդիրքիս վրա՝ գիրքեր կը բերեր ինծի կարդալու համար. մեկ հատը Շոփենհաուերի հատոր մըն էր, և այդ հատորին մեջեն սա պարբերությունը ցույց տվավ ինծի.

Աշխատիլ և տառապիլ՝ ապրելու համար։ Ապրիլ՝ աշխատելու և տառապելու համար։

Ա՞յս էր բովանդակ կյանքը։

Սենյակս ձգել երթալուն, լույսը ու օդը կը պակսեր հոնկե։ Ընդարմացած, մրափի մը մեջ կը թաղվեի. կյանքս կը դադրեր կարծես իր բացակայությամբը. և ժամերով իրեն վերադառնալուն կը սպասեի, հատնումով մը, ուրիշ ոևէ կամք ու իղձ չունենալով աշխարհիս վրա։ Պատուհանես, որ Մարմարայի բոլոր տեսքը կը վայելեր, նայվածքս աննպատակ ու անտարբեր կը սևեռեր դուրսի աշխարհին վրա. իմ բոլոր ուզածս, սիրածս հիվանդի սենյակս էր, իր ճերմակ՝ գրեթե աղքատիկ պատերովը, իր թափուր մերկությանը մեջ։ Այս կնոջ մոտ ապրիլ. այս էր բոլոր կյանքիս ըղձանքը։

Բժիշկները իմ առողջացած ըլլալս կը հաստատեին, իրոք աղեկցեր էի, եթե հոգիիս քայքայումը չսկսեր, նոր հիվանդություն մը զոր քույր Էմիլիեն իր թափանցող նայվածքովը պայծառ կերպով կը տեսներ։

— Տղաս, կ՚ըսեր քովս գալով, պետք է դուրս ելլել, քիչ մրշը օդ առնել, պտըտիլ:

Ես՝ համառությամբ կը փակվեի սենյակիս մեջ, չուզելով մեկուն երեսը նայիլ, խոսքի բռնվիլ ասոր կամ անոր հետ,