Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/329

Այս էջը սրբագրված է

ժամանակս վատնել զուր տեղը, երբոր կրնայի զայն իմ միակ երազիս հատկացնել։

Ներսիդիես հիմա կը խոստովանեի թե հիմարի պես կր սիրեի այս կինը որ հիվանդապահս էր, որուն ազգը, տարիքը, կրոնավորուհիի կոչումը, ամեն բան վերջապես կ՚արգիլեին զիս ոևէ հույս ունենալե սրտիս մեջ: Այս անկարելիությունը ա՛լ ավելի կը սաստկացներ սերս: Անջրպետին խորությանը չափ՝ հոն նետվելու փափագս կ՚ավելնար, վիհերու ձգողությանը, անոնց տված գլխու պտույտին պես:

Ե.

Այնչափ ատենվան մեջ օր մըն ալ միտքես չանցավ բաս մը, ամենաչնչին ակնարկություն մը ընել իրեն՝ սրտիս մեջ արթնցուցած զգացումներուն վրա: Առվեռին երգը ճիշտ իմ վրաս էր. բայց անիկա, Առվեռի սիրած կնոջմեն ավելի սրատես, քաջությամբ խոսքը բացավ ինծի.

— Տղաս, ըսավ ինծի ցերեկ մը, երբ կը ստիպեի զինքը վայրկյան մը ավելի քովս նստիլ, ես քու վիճակդ հասկցած եմ, հիմար ու անկարելի երազով մը կը տառապիս...

Հանցավոր տղու մը պես շվարեր էի։

— Ես մարապետ մըն եմ հոս ու դուն երիտասարդ մը որ, փառք աստուծո, բոլորովին աղեկցած ես և պետք է որ ա՛լ չկենաս այս տեղը և մանավանդ միտքեդ հանես տղայական փափագները որոնցմով զուր տեղը կը տանջվիս...

Հանկարծ մեկդի ըրի ամեն վեհերոտություն.

— Ոչ թե մտքես, այլ սրտես պետք է որ քաշեմ հանեմ իմ երազներս, պատասխանեցի անոր։

Եվ իբր թե այս մեկ խոսքովս ամեն բան հայտնած ըլլայի, պզտիկ մը ծակվելով վերքի մը բոլոր արյունը պոռթկալու պես՝ բոլոր տառապանքս դուրս թափեցի:

— Ինչո՞ւ այդքան կատարելություն ունիս վրադ, ըսի իրեն, եթե քու վրադ հիանալը, զքեզ սիրելը արգիլված է: Ի՞նչ պիտի վաստկիս ամփոփված մնալով քու մինակությանդ մեջ որ