Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/33

Այս էջը սրբագրված է

Բ.

Հետևյալ առտուն կանուխ Տիգրանուհին արթնցավ։ Պատուհանեն եկող արևը ճիշտ իր անկողնին վրա կ՚իյնար, կը սփռվեր, իր հոլանի պարանոցին ու թևերուն սպիտակության վրա կը ճառագայթեր, բոլոր սեյակին մեջ ուրախություն մը կը բերեր: Երկու օրե ի վեր իր կյանքին մեջ պատահած փոփոխություններուն տակ ընդարմացած կը մնար. անկողնին մեջ նստած, մտքովը ատոնց քաղվածքը կ՚ըներ։

Գեղը, մորաքրոջ մը տանը մեջ ապրած էր ինքզինքը գիտնալեն ի վեր մինչև ամուսնացած օրը։ Մորը հիշատակը իր պզտիկ տարիքին մեջ շատ տարտամ կերպով մը կուգար մտքին առջև, ատեն անցնելով գույնը նետած, գիծերր եղծված հին լուսանկարի մը պես։ Հայրը բնավ ճանչցած չէր: Այս մորաքրոջ տանը մեջ՝ կես մը աղախինի ու կես մը ազգականի պես կ՚ապրեր, տատելով, ինչպես կ՚ըսեր ինքը, իր ապրուստին բեռը զգալի չդարձնելու նպատակով։ Ու երջանիկ պիտի ըլլար հոդ ապրելուն, եթե մորաքրոջը երկու աղջիկները անտանելի չդարձնեին իր կյանքը։ Ի՞րն էր հանցանքը՝ եթե անոնցմե աղվոր էր ինքը։ Ապաքեն, այս աղվորությունը իր թշնամին եղած էր և անկեղծությամբ Տիգրանուհին կը զղջար իր գեղեցկոլթյանը համար։

Գեղին մեջ շատ մը տղաք իր ետևեն ինկած էին գիշեր ցորեկ, հասակին շքեղությանը, մինչև կռնակը հասնող խարտյաշ մազերուն գովեստը փսփսալով ականջն ի վար։ Ասոնց և ոչ մեկուն հավտացած էր, բայց այս հետապնդումները՝ հանդարտ ջուրի մը մեջ նետված մանր քարերու պես, իր հանգիստը վրդովեր էին։ Մորաքրոջը աղջիկները իր վրա ամեն տեսակ չարախոսություններ տարածելու մեջ առաջիններեն էին։ Ահա այդ միջոցին էր որ երիտասարդ բանվոր մը, իր օրական ապրուստը ճարելու հազիվ հազ կարող մեկը, զինքը ամուսնության ուզելու ելեր էր։ Տիգրանուհին տասնըութը տարու էր հիմա, ինչ որ գեղ տեղերու մեջ աղջիկներուն համար շատ առաջ գացած տարիք մըն է. հետո, իր մորաքրոջ տունեն ելլելու ստուգությունը կար, մորաքույրն ալ, զինքը