Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/332

Այս էջը սրբագրված է

արիությունը պիտի ունենամ. չեմ ուզեր ինքզինքս լավագույն ցուցնել քան ինչ որ եմ իրոք: Հատկապես ուզեցի որ իմ պաշտոնս վիրահատներուն մոտ ըլլա, և այնպես ալ եղավ, ես կ՚օգնեմ, կը սպասավորեմ իրենց և այսպես հանդիսատես կ՚ըլլամ մարդոց, այսինքն ձեր բոլոր տառապանքին, գալարումներուն. ձեր աղաղակներեն շինված այս ահարկու երաժշտության ու նվագահանդեսին ունկնդիրը ըլլալու վայելքը ունիմ օրվան ամեն ժամուն: Էրիկ մարդոց ցավատանջ գոռում գոչումները մտիկ ընելով՝ իմ սրտիս զսպված ու անմռունչ ցավերը գոհացում կը ստանան, կը մեղմանան։ Կ՚ընդունիմ որ անգութ ու ոխերիմ գոհացում մըն է աս: Ձեր ճիչերը, վայնասունները լսելու համար ուրեմն քիչ մը հոս եկած եմ. ուրիշ հիվանդապահ կին մը ինծի չափ անվրդով արիություն չպիտի կրնար ցույց տալ. ամենքը կը շնորհավորեն զիս։ Ես, երբոր մինակ մնամ խղճմտանքիս հետ...

Հոս, քույր Էմիլիենի ձայնը մարելու պես եղավ:

— Ինքզինքս կ՚ատեմ։ Ահա այս տառապագին հրճվանքովն է որ, դեռ հազիվ երեսուն տարեկան, ծերացած եմ։

Վայրկյան մը դադարե ետքը, տեսնելով իմ լոությունս

— Տեսա՞ր որ քու երևակայած բարձր հոգիդ չունիմ ես, որքա՜ն հեռու եմ անկե, ճիշտ հակառակը գուցե անոր։ Սիրվելու մեկը չեմ ես, այլ ճակատագրին բեռը տանող ոխակալ կին մը։

— Այս բոլոր ըսածներդ բան մը չեն պակսեցներ իմ պաշտումես, ըսի իրեն, ամենեն ըղձալի էակն ես աչքիս, ու կը վախնամ որ հավիտյան այդպես պիտի մնաս։

— Տղա՛, ըսավ ինծի:

Հետո անուշությամբ ու թող տալով որ ձեռքը բռնեմ ու շրթունքս մոտեցնեմ անոր՝

— Վաղը դուրս ելիր ասկե, հավատա՛ որ քիչ օրեն կանցնի այս բոլորը, քրոջ մը պես դարմանեցի քեզի, ենթադրե որ քույրդ եմ միշտ: Ու, եթե երբեք տարին մեյ մը քայլերդ այս կողմը առաջնորդեն քեզ, եկո՛ւ երբեմն զիս հարցնելու։