Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/333

Այս էջը սրբագրված է

է.

Սենյակես ելլելեն վերքը ի՞նչ գնաց ըսավ հիվանդանոցին մեծավոր մարապետին։ Սա գիտեմ միայն որ հետևյալ օրը անդարձ կերպով որոշեցին իմ մեկնումս, դուրս ելլելու պատրաստություններս երկարցուցի, սպասելով որ վերջին անգամ տեսնեմ զինքը. բայց չկրցա տեսնել: Եվ տարօրինա՜կ բան, իր բոլոր գուշակածները ելան, զինքը տեսնելու կարոտս մարեցավ տակավ, օրական զբաղումները, կյանքի պայքարը, սրտիս ամեն ծաղիկներուն պես, սղմեց չորցուց և փոշի ըրավ այս երազս ալ։

Բայց քույր Էմիլիենի հիշատակը մնաց մտքիս մեջ, գրքի մը էջերուն մեջ մոռցված տերևի մը պես քիչ մը տժգունած:

Միայն, ինչպես որ ապսպրած էր ինծի, տարի մը վերջը, Թաքսիմի կողմերը պտտած մեկ օրս, հիվանդանոց գացի զինքը հարցնելու համար։


Հազիվ ամիս մըն էր որ տարափոխիկ հիվանդություն մը՝ ութ օրվան մեջ՝ առեր տարեր էր զինքը:

— Անոր պես հիվանդապահ մը չի գար մեյ մըն ալ, ըսավ մեծավոր մարապետը գլուխը երերցնելով:

Այս եղավ իր բոլոր դամբանականը։

<1900>