Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/334

Այս էջը սրբագրված է

ԽՆԴՈՒՔԸ

Ա.

Երբոր ներս կը մտնեմ սենյակին դուռնեն, ի՛նչ սուտ զուրցեմ, սիրտս ուժով կը բաբախե:

Իրավ է որ տասը երկար տարիներ զիս այս տանեն կը բաժնեն, բայց երեկվան պես աչքիս առջևն է սա հեռավոր անցյալը: Բոլորը երկու ամսվան կյանք մը այս տունին շուրջը: Բայց է՛ն տագնապյալը, է՛ն դժբախտը որ անցուցած եմ պատանությանս մեջ, է՛ն մեծ վրդովումը հիմակվան խաղաղությանս ուղղվելե առաջ։

Ու ահա այս տանը դուռը ոտք կոխելուս, մտովին ամբողջ վերադարձ մը կը կատարվի հոգիիս մեջ. կ՚երիտասարդանամ հանկարծ, կը գգամ որ հիմակվան գիրուկ ու կարճուկ մարդը չեմ, որուն խորշոմած ճակտին վրա կյանքի պայքարները իրենց քով քովի շարված զուգահեռականները ձգած ու գացած են, խղճամիտ ձեռքով ակոսված արտի մը պես, այլ երեկի տղան՝ նիհար, հպարտ ու ճչող, կերպով մը այլափոխումը Ֆաուսթին, որուն մեջ սատանան դուրսեն չէ՛, իմ հիշատակներս են միայն:

Թեթև քայլերով ուրեմն կը մտնեմ ներս, իբրև թե այն մեծ ժամանակի անջրպետը հանկարծ բարձված ըլլար մեջերնուս: