Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/336

Այս էջը սրբագրված է

իր արհամարհոտ կնկան բոլոր սառնությունը, հո՛դ, հայտնի, ընթեռնելի կերպով գրված են այդ դեմքին վրա։

Ու ես կրկին փորձությունը կը զգամ սրտիս մեջ պոռալու իր երեսին.

— Մեկդի՛ դիր այդ անտարբեր ու սրդողած երեսը, աստուծո սիրույն. անգամ մը գոնե խնդա՛ ինծի, խնդա՛, ո՜վ աղվոր կին:

Հազիվ երկու բառ փոխանակեր էինք, երբ իր աղջիկը ներս մտավ, տասնըվեց տարու պարմանուհի մը. վարդե ու լույսե խմորված էակ մը. նազանքով ու ժպիտով մոտեցավ ինծի: Ու աղեկ մը չեմ գիտեր ի՞նչ խոսքի առթիվ - կ՚երևա թե կրցա տիկինին հաճելի կամ զվարճալի բան մը ըսել — իր սովորական անփույթ ու նեղացած դեմքը մեղմացավ, անուշցավ, ու, զարմանալի՜ բան, թեթև ժպիտ մը ուրվագծվեավ նախ, հետո հաստատվեցավ այս աղվոր դեմքին վրա, արշալույսին ծագելուն պես որ քիչ քիչ որոշ ու աննահանջելի առավոտի մը կը վերածվի:

Որքա՜ն գեղեցիկ էր այսպես, երբեք չէի գիտեր որ այսչափ գիտի աղվորնար, բայց ժպիտը ավելի շեշտվեցավ ու քիչ քիչ, կամացուկ մը խնդալ սկսավ:

Աստված իմ, առջի անգամ ահա ճշմարիտ կինը երևան կուգար այս անզգա աղվորության մեջ: Կը խնդար, երջանիկ էր ուրեմն, և ես իրմով երջանիկ էի:

Ինքը՝ կը շարունակեր խնդալ, երթալով ավելի շատ և ավելի ուժով, անվերջ քահքահ մը հիմակ, որով ձեղունը կը թնդար, մինչդեռ ես իր մեկ՝ մեկ ժպիտին ակնկալուն՝ ապշած զմայլած կը դիտեի զինքը և այս գեղեցիկ ուրախությունը, այսքան չնչին պատճառով մը։

Երևակայեցեք դեմերնիդ կծծի ու ագահ էակ մը որ հանկարծ, մեկ վայրկյանի մեջ, ամենեն մսխող ու շռայլ մարդը դառնա:

Ու շվարումիս մեջ ան կը խնդար հիմա, այնքա՜ն սաստիկ որ քոռսեն նեղ կուգար իր հարուստ իրանին, ու բազմոցին կռնակին կը կռթներ, չկրնալով ուղիղ նստիլ իր տեղը։

— Հա՛, հա՛, հա՛...