Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/34

Այս էջը սրբագրված է

ճամփելու փափագին մեջ, սիրով ընդուներ էր այս առաջարկությունը: Եվ օրին մեկը հարս գացած էր տան մը մեջ, ուր փեսեն զատ անոր ծնողքը կային։ Մեծ բան էր չհասկցավ այս ամուսնութենեն. կարգվելեն ութ օր վերջը էրիկը լեռ գնաց իր գործին, ածուխ շինելու, ու ամիս մը վերջը օր մը միայն դարձավ կնոջը քով, հետևյալ օրը նորեն իր լեռը երթալու, աներևութանալու համար։ Հարսը հոս ալ կ՚աշխատեր օրն ի բուն ու իր կյանքը, բևեռային օրերուն պես, երկարատև խավարի մը կը նմաներ զոր ոչ մեկ լույսի ճառագայթ կուգա վայրկյան մը գեթ լուսավորել, ուրախացնել։

Հանկարծ օրին մեկն ալ իր էրիկը տուն բերին ոտքը կոտրած, ամիսներով անգործության դատապարտված, ասիկա լրումը եղավ: Ա՜հ, թե որ գոնե զավակ մը բերած ըլլար հիմա ստնտվության կ՚երթար Պոլիս, ստակ կը վաստկեր ու տուն մը կրնար գնել, բայց այդ ալ չկար ու ասիկա՝ իր կեսուրը ու կեսրայրը հանցանքի մը պես կը զարնեին իր երեսին։

Հաճի Տյուրիկ ճիշտ այդ ժամուն հասավ զինքը միասին Պոլիս տանելու համար։ Էրիկն ալ, մորաքույրն ալ, որ մոր տեղ կ՚անցներ, հոժարեր էին ասոր. Տիգրանուհին ազատագրության պես բան մը կը տեսներ հոդ։ Թելլալը անոր ապագա հանըմին փառաբանությունը բերնեն չէր ձգեր։ Հարուստ մարդիկ, վերկիլի հանըմ, կաղանդին, ծնունդին, զատկին պախշիշ, կերուխումը առատ, աշխատությունը թեթև. սպասուհիի մը համար ասկե ավելի ցանկալի տեղ չէր կրնար ըլլալ:

— Աղջի՛, օղո՛ւլ, չգտնված տուն է, կ՚ըսեր Հաճի Տյուրիկ։

Ա՛յնքան որ մորաքույրը պահ մը կը մտածեր իր աղջիկներեն մեկը ղրկել Տիգրանուհիին տեղը։ Վերջապես որոշումը տվեր էին, և հետևյալ առտուն, դեռ չլուսցած, գիշերվան մութուն մեջ կառքը երկու կիները Պաղչեճիկեն իջեցուցեր, ծովեզերքը բերեր ձգեր էր, ճիշտ երբ արշալույսը կը ծագեր։

Տիգրանուհին հիմա այս մութեն դեպի լույս ուղևորությունը, ժամ անումը միտքը կը բերեր, բարի գուշակ մը կը համարեր իր կյանքին համար։ Իսկույն զմայլեր էր Իզմիրի