Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/340

Այս էջը սրբագրված է

ըլլալուն՝ գրական զբաղմանց մեջ սփոփանք մը գտնելու վարժված էր և գրական ուսմանց վրա ունեցած ծանոթություններն հին վարժապետաց հատուկ եղող նախապաշարումներեն զերծ կացուցեր էին զինքը: Ինքն ալ հետզհետե կապվեր էր այս ակամա ընդունած ասպարեզին, դասախոսական կենաց բոլոր տաղտուկին և մեր ազգին մեջ անբաժանելի դարձած բոլոր նվաստացուցիչ հանգամանացը տակ, դյուրավ նշմարեր էր այս պաշտոնին գերազանցապես վսեմ գաղափարը։

Դասասրահին մեջ, յուր համարձակ լեզուն, յուր ազատ գաղափարները լսողները՝ չի պիտի ճանչնային փողոցը հանդիպած աննշան երիտասարդին: Բարձրագույն կարգի աշակերտաց համար, նա պարզ հայերենի դասատու մը չէր. գրագիտություն ու մատենագրություն դասախոսելով, ամեն դյուրություն ուներ յուր նյութեն խոտորեչու և սրտերնին գզացմանց նոր բացվող յուր պատանի աշակերտաց քարոզելու հառաջադիմությունն ու ազգասիրություն, երկու ցնորքներ, երկու բևեռներ, որոնց շուրջը կը դառնար միշտ յուր խանդավառ հոգին։

Երրորդ ցնորք մը, երրորդ բևեռ մը պիտի ըլլար Երվանդի սրտին (այս էր երիտասարդ դասախոսին անունը) աշակերտուհվո մը աղետալի սերը։

Տունը կ՚երթար հայերենի դասեր տալու նմա, երբ դեռ 16 տարեկան աղջիկ մըն էր և օր մը միայն երեք տարիե վերջը, օր մը միայն հանկարծ նշմարեր էր թե որքա՜ն գեղանի էր ջուր աշակերտուհին։

Հիմա որ տարիքն ու փորձառությունն ավելցած էր, կրնար ապահովությամբ ըսել որ հրաշալի գեղեցկություն մը չուներ. բայց այն ատեն չքնաղ արարած մը թվեցավ յուր աչքին։

Մանկության տարիներեն սկսյալ տնական հոգերը մեկ կողմեն, դպրոցական աշխատությունները մյուսեն, ժամանակ չէին թողած սիրային կապակցություններու: Իրենց անմարդի ու առանձին թաղին մեջ, ծեր ու թոռմած կիներե ի զատ ուրիշ դեմք չէր տեսած, մինչդեռ յուր վեհերոտ բնությունը