Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/344

Այս էջը սրբագրված է

— Ուսյալ մարդիկ հագուստի կարևորություն չեն տար, բայց դուք ալ բոլորովին տերվիշ եք դարձեր, կ՚ըսեր անոր և հոգածու ու գգվալի շարժմամբ կուգար անոր փողկապը շտկելու կամ ֆեսը մաքրելու որ սովորաբար յուր ձևը կորսնցուցած էր։

— Գիտե՞ք, կըսեր օր մ՚ալ, շատ գեղեցիկ անձ եք, պարոն դասատու, հագուստնիդ փոխելու պայմանավ, կ՚ավելցներ խնդալով։

— Տղայական խոսքեր մի՛ ըներ, տեսնենք, այսօր քեզի հաճելի դաս մ՚ունիմ, Ալիշանի մեկ ոտանավորը պիտի ուսումնասիրենք ի միասին, կը պատասխաներ դասատուն յուր լրջությունը պահելով։

Պիտի հավատացվի՞ եթե ըսենք որ ամենաչնչին պատճառ մը այդ երջանիկ անդորրությունը վրդովեց—բարձի վրա թողված մետաքսյա սիրուն ու կապույտ ծնրակապ մը, հեշտաբույր այն բոլոր նյութերուն պես, որ Արուսյակի կը վերաբերեին, բավ եղավ յուր ցնորքը փարատելու, կնոջ մարմնույն այնքան մոտեն դպչող այդ փոքրիկ զարդը հեշտավետ խոստումներ կը կրեր յուր վրա, զոր երիտասարդն իզուր չի հասկնալ ջանաց և իզուր փորձեց յուր մոլորյալ մտածություններն ուղղել, անդիմադրելի զորություն մը կար այդ շողշողուն մետաքսին վրա։

Հանկարծ երևցավ անոր գեղանի տիրուհին, երբեք այնքան անդիմադրելի էակ մը չէր եղած նա, որքան այդ խռովյալ պահուն. աղջիկ մը, ո՛չ, հրապուրիչ կին մ՚էր, աշխույժ ու սիրավառ որ դեպի իրեն կը հառաջանար: Այն ատեն միայն յուր աչքը ճշմարտության բացվեցավ և ճանչցավ սարսափով թե այն եղբայրական գորովը, ամեն օր տեսնելու անհամբերությունը, անոր մոտ անցուցած կարճատև ժամերուն երանությունը ճշմարիտ ու խորունկ սեր մ՚էր միայն։

Երկար պատմելու հարկ կա՞ դժբախտ սիրո մը բոլոր տառապանքը։

Դեմ առ դեմ նստիլ ժամերով առանձին ու խոսիլ պաշտեցյալ