Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/346

Այս էջը սրբագրված է

ստացվածք և ուրիշներ որոնք վիճակահանություններե շահեր էին մեծամեծ պարգևներ, ու յուր չնչին խնայողությունները հատկացան այս զանազան միջոցներեն մին ի կատար հանելու։

Պահ մը մեքենական փորձերու ետևե, պահ մը բախտատոմսերու հետամուտ, ստվեր մը հալածող հիմարի մը պես շրջեցավ այս անիրականալի խորհուրդներուն շուրջը, մինչդեռ հույսն ու հուսաբեկությունն իրարու կը հաջորդեին միշտ յուր գաղտնի ու մթին որոճումներուն մեջ։

Ի՞նչ, այդ գյուտը ընողները՝ իրմե՞ ավելի խելացի էին միթե, այդ բախտի պարգևները շահողները՝ իրմե ավելի՞ անհրաժեշտ պետք մ՚ունեին անոր. նախախնամությունը չի կա՞ր վերջապես աշխարհին վրա. պատրալից հարցումներ, որոնց բացասական պատասխանները չուշացավ ըմբռնելու։ Այն ատեն մութ հուսահատություն մը պատեց զինքն, ընկերային վիճակը՝ ուսկից ոչինչ ուներ սպասելու, խաբեբա դաշնակցություն մը երևցավ յուր աչքին և առաքինությունն ու արժանիքն անողոք ու ծաղրածու հեգնություններ յուր թշվառ կացության դեմը։

Ու այս սև գաղափարներով պաշարված, օրն ի բուն կը վազեր դպրոցե դպչոց, տունե տուն, խանի մը սենյակեն ուրիշ սենյակ մը, դաս մը ավելի տալու, մեճիտ մ՚ավելի շահելու հույսով, ստակը՝ մինչև այն ատեն աննշան մետաղ, հանկարծ մեծազոր ու ահարկու նշանակություն մը ստացավ յուր աչքին, մեկեն ի մեկ խնայող, կծծի ու ագահ դարձավ, ցորեկները չի ճաշեց այլևս, զգեստի ստակ չի տվավ ու յուր գունատ ու յուղոտ փալթոն ամիսներով չնորոգեց։

Բայց ասոնց և ոչ մին հաջողեցավ. թշվառը կը մտածեր որ վեց ամսվան մեջ, անտանելի նեղությամբ հավաքած դրամը երկու հազար ղրուշը չէր անցած տակավին, մինչդեռ աճապարանոք Ղալաթիայեն անցած ատեն, դասախոսության ժամ մը չի կորսնցնելու ջանքով, երկաթուղվո բախտատոմսեր վաճառող հրեան՝ կարծես իրեն համար կը պոռար խոստմնալից ու ապահով ձայնիվ որ յուր ծախած ոևէ տոմսին տերը վեց հարյուր հազար ֆրանք ուներ հետևյալ օրն ստանալիք։