Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/347

Այս էջը սրբագրված է

Վեց հարյուր հազար ֆրա՜նք, այս բախտի, այս երջանկության, այս կենաց կոչումը տարօրինակ համառությամբ մը, յուր բոլոր կամքին հակառակ, կը հետևեր, կ՚ընկերանար իրեն ամեն կողմ, իբրև խաբեբա ու պչրասեր անձնավորությրուն մը, ուսկից իզուր կը ճգներ բաժնվիր, և հրեա պոռացողին ձայնն՝ անլուր արձագանքով մը կը թնդար դեռ յուր սրտին խորն, երբ շատոնց արդեն հեռացեր էր անկե:

Երվանդի աշակերտուհին, սիրուն, ուսյալ, հարմար տարիքի ու լավ օժիտի տեր, կսկսվեր ամեն կողմե փնտրվիլ, և զարմանք որ ունևորներն ավելի հետամուտ գտնվեցան անոր մոտ քան թե այդ օժիտին իրոք կարոտ եղողներն:

Հարուստն՝ աղքատեն ավելի դրամը կը սիրե, ուր որ ըլլա, ինչ ձևի մեջ ալ որ ներկայանա, զարմանալի ձգողության օրենք որու հիմը կը կազմե մարդկային անհագությունն:

Երվանդի հորեղբայրը՝ ծակաչք, լավ դիրքի, թեև անշահ զավկի տեր, շատոնց յուր որդվույն հարմար դատեր էր այն միությունն՝ որու առավելություններն ակներև էին: Երվանդի բերնեն գովեստներ միայն լսած էր անոր մասին և աղջկա օժիտը երկու հազար ոսկիեն վար չէր։

Այս ամուսնության խոսքերուն հաստատություն գտնելուն հետ, տան դուռը փակվեցավ երիտասարդ դասատուին դեմ, քանի որ անպատշաճ էր որ նշանվելու վրա եղող աղջիկ մը դեռ դաս առնելով զբաղվեր, նամանավանդ երբոր ապագա հարսին աներհայրն էր որ դասատուն ճամփելու պետքը զգացուցեր էր:

Իրավ է որ ամեն ոք պահ մը զարմացեր էր այս առաջարկության վրա, անոնց միջի ազգականության կապը հիշելով, և կերպ կերպ ենթադրություններ ըրեր էին ամենքը։

Շաբաթ օր մ՚էր երբոր աղջկան հայրը ամսականներու հաշիվը կարգադրելով՝

— Եկու նորեն մեզ երբեմն տեսնելու, ըսավ անոց:

Երվանդ ճամփու դրված էր։

Երիտասարդը՝ ապշած ու շվարած տուն դարձավ, յուր հուսահատության սաստկագույն վայրկյանին այս մոտալուտ

21 Գրիգոր Զոհրապ