Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/348

Այս էջը սրբագրված է

օրը չէր գուշակած. այսքա՞ն շուտո՜վ... և աչ իսկ ժամանակ տվին իրեն որ վերջին ճիգ մը, գերագույն փորձ մը ըներ յուր սիրուհվույն արժանանալու համար, ամեն ինչ լմնցած էր այլևս։

Խեղճին մայրը՝ սարսափեցավ անոր այլայլած երեսը տեսնելով և հուսալով յուր որդվույն վրդովումը մոռցնել, որուն պատճառը չէր գիտեր.

— Գիտե՞ս, տղա՛ս, ըսավ անոր, հորեղբորորդիիդ հետ նշանվեր է։

— Այսօր իմացա ու զիս ալ ճամփեցին, ա՛լ դասի պետք չունին եղեր:

Թոթովեց քան թե պատասխանեց այս բառերը։

Ուրեմն բավ չէր որ հորեղբայրն՝ հայրենական ժառանգությունը հափշտակելով զինքն ու յուր մայրը չքավորության դատապարտեր և հիմա ճիշտ այդ կողոպտած հարստությանը շնորհիվ յուր մեկ հատիկ սիրեցյալն ալ կը հափշտակեր և իր որդվույն կուտար։ Ապաքեն այս մարդը՝ ոխերիմ հակառակորդի մը պես, յուր դեմը ելած էր մանկութենեն մինչև երիտասարդությունն ու մի առ մի փճացուցած յուր ամենեն նվիրական հույսերն ու իրավունքներն։

Սպառնալից խորհուրդներ անցան մտքեն այս անխիղճ մարդուն դեմ որ հասարակության մեջ, ուղիղ, պարկեշտ, եկեղեցասեր մարդու համբավ կը վայելեր, ու ազգին խորհուրդներուն, ժողովներուն մեջ՝ պատվավորագույն պաշտոնը միշտ անոր պահված էր իբրև առատաձեռն բարերարի մը։ Ապուշ ու անմիտ ազգ որուն բարերարից դասը մտնելու համար դրամն եղած է միշտ ապահով անցագիր։

Վայրկյան մ՚իսկ մտքեն չանցուց յուր սերը պատմելու և գերագույն շնորհ մը խնդրելու այդ անսիրտ մարդեն որո գթությունը՝ ողորմածությունը ամենուն բերանն էր։

Անոր ծաղրող ու լկտի դեմքը կը բավեր ամեն աղերս կասեցնելու յուր շրթանց վրա:

Հայնժամ ակնարկը սևեռեցավ յուր սիրեցելույն կորուստովը՝ աննպատակ դարձող կենացը վրա։