Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/349

Այս էջը սրբագրված է

Դասախոսական ասպարեզը երևցավ հանկարծ յուր բոլոր անօգուտ, ապերախտ ու ծաղրելի գույներովը. այն ժամուն միայն հասկցավ, թեև շատ ուշ, որ տղոց լեզուն խոսած պահուն մոռցած էր մարդոց լեզուն հասկնալ. աշխարհիս մեջ դարձյալ իրավունքը ու հաջողությունը կը մնար զորավորագունին, ոչ մեկ օրենք կը պաշտպաներ զինքը՝ իր կրած զրկանաց և մատնված հավիտենական դժբախտության փոխարեն: Ընկերական անիվը կը դառնար անողոք ճշտությամբ և ինքն էր որ տակը կը ճզմվեր, անոր ատամներուն մեջ թողլով յուր բովանդակ հույսն ու երջանկությունը:

Ո՞րքան տևեց յուր այս անտանելի վիճակը, ստույգը չպիտի կրնար ըսել, միայն թե մեծագույն աղետ մը, յուր մորը հիվանդությունը ու մոտավոր մահվանը նախագուշակ նշանները մոռցնել տվին յուր անձը և յուր ցավերը, հաջողության պես՝ դժբախտությունն ալ մեկ կողմե միայն չէր գար իրեն և Երվանդ անդուլ ու անօգուտ ջանքերե վերջը քիչ օրվան մեջ յուր մայրը կորսնցուց։

Արցունքներ եկան վարդապետին աչքը յուր մայրը հիշած ատեն։

— Մինակ ու չոր գլուխ մնացած, հուսաբեկ ալ կյանքե դառնացած, ինչո՞ւ չի թողուցի արդյոք այս կյանքը ես ալ, շարունակեց նա հառաչելով. մորս գերեզմանին քով, երբ որ ցանցառ հուղարկավորները հեռացան, աղոթած ու արտասված ատենս միայն գերագույն սփոփանքի մը ձայնը հնչեց սրտիս մեջ. աստծո ձայնն էր զոր ճանչցա և որուն հնազանդեցա. հայրենիք մ՚ունեի ինձմե ավելի թշվառ, ազգ մ՚ունեի ինձմե ավելի ողորմելի, անոնց որոշեցի հատկացնել կենացս մնացորդը, մինչև ցայն վայր կրոնքի մասին թերահավատ, աշխարհիս ունայնությունները տեսած ու ամեն հենակետի՝ ձեռքիս տակ փշրվիլը զգացած ատենս, երկնային ապավենի մը անհրաժեշտ հարկը ճանչցա։

Վարդապետ ձեռնադրվեցա, հավիտյան մոռնալու պայմանավ թողլով իմ անունս և այն ատելի մականունը զոր հորեղբայրս կը գործածեր և որ կենացս աղետները կի հիշեցներ միայն ինծի, ահա թե ինչու համար ըսի որ ընտանեկան մագիլեց զիս: