Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/35

Այս էջը սրբագրված է

ծովածոցին վրա, որ այգուն սրսկած դեղին ոսկիի ցոլացումին մեջ, անշարժ կը տարածվեր, կանուխ արթննալ չուզող աղվոր ու ծույլ կնկան մը պես։ Մինչև այդ տարիքը մոտանց չէր տեսեր ծովը ու այս պահուս, գեղին եռաթի խոշոր նավակի մեջ տեղավորված, իր պզտիկ պողչան քովիկը այդ կապույտ տարածության վրա սահելուն կ՚զբոսնուր ու անոր վրա պատմված ահավոր պատմություններուն չէր հավտար։ Իզմիր հասնելուն՝ հազիվ ատեն ունեցեր էին շոգեկառքը մտնել և իսկույն կայարանին աղմուկեն ու դոհ ու բոհեն զատվելով խոլ արշավ մը սկսեր էր. անդուլ, անդադար, ժամերով վազք մը, քերելով ծովեզերքը ձախեն, ու աջեն՝ սուրալով մութ մանիշակագույն հողերու մեջեն որ մինչև Հերեքե այդ տեղի ցամաքը, կը կազմեն։ Հոս հոն, տեղ տեղ, կը կենային ու Տիգրանուհին կը կարծեր որ հոգնություն առնելու համար էր ասիկա, ոմանք կը ձգեին շոգեկառքը, ոմանք նոր կը մտնեին, և անմիջապես ճամփա կ՚իյնային. հիմարական խոյացումը կը սկսեր դեպի Պոլիս։ Ու կը հիշեր վերջապես հասնելնին Հայտար Փաշա, Պոլիսը, Փերան զորս Հաճի Տյուրիկ մատովը իրեն ցուցուց հեռվեն և ասդին՝ Քատըգյուղ՝ իրենց գալիք տեղը, մաքուր փողոցներով, գեղեցիկ տուներով շինված քաղաքը որուն վրա հիացավ։ Կայարանին մեջ կը վախնար որ բազմության մեջ չկորսվի, թևին տակի պզտիկ պողչան ուժով մը կը սեղմեր, իր շփոթությանը մեջ մոռնալու վախով։ Հաճի Տյուրիկը քովն էր սակայն, ճարպիկ ու վարպետ առաջնորդ, որ ամեն դժվարությանը մեջ կը քաշեր կը հաներ զինքը, մինչև որ հոս, այս հարուստ տանը մեջ բերավ ու հանձնեց զինքը։ Հաճի Տյուրիկ պահապան ու զորավոր հրեշտակի մը մարմնացումն էր իր աչքին, ու Տիգրանուհին սրտին խորեն շնորհակալ կ՚ըլլար անոր այս վայրկյանիս։

Եվ այս տունը՝ իր հարուստի բարբառող կահավորումին մեջ. երեք ծառա որոնք իրենց աշխատության մեքենական ճշտությամբը զարմացուցեր էին զինքը. ծեր Մարիամը, որ ինչ ընելիքը պիտի սորվեցներ հոս տեղ. և մանավանդ անուշ լեզու հանըմ մը։ Միայն իրիկունը աղային լուրջ ու խոժոռ դեմքեն վախցավ քիչ մը. հետո անոր տղան, երիտասարդ