Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/351

Այս էջը սրբագրված է
ԿԱՆԱՆՑ ԲԺԻՇԿԸ

Ա.

Փարիզեն նոր դարձած էր բժշկության վկայագիրն ի ծոցին, տասնևչորս տարի շրջելե ետք անոր աղմկալից փողոցներուն մեջ։ Իրմե վերջ գնացողներն իրմե առաջ ավարտած ու Պոլիս դարձած էին. ի՛նք միայն աճապարելու պետք չէր տեսած: Կրցածին չափ շատ զբոսնող՝ այս եղած էր յուր նշանաբանը, ցորչափ հայրենի քսակն՝ իր ուսմանց ծախքը վճարելու վստահությամբ՝ իր անառակությանց ծախքը միայն կը հոգար խղճամիտ ճշտությամբ:

Ի՞նչ բանի կը ծառայեր դրամն իր ապուշ ու անմիտ հորը, որ մեկ ղրուշը մյուսին վրա դնելով, կծծի ու ագահ համառությամբ դիզեր էր այդ հարստությունն զոր ինք Փարիզի ծոփուհյաց մոտ այնքան քաջ գիտեր վայելել: Ֆաքյուլթեին հոգնեցուցիչ դասախոսությունները, վիրաբուժական ահարկու գործողություններն, անդամազննական գարշահոտ փորձերը իրեն համար չէին, ինք ուսանողաց արվարձանին խռովահույզ ու խառնագնաց կյանքը միայն կուսումնասիրեր իր անձին վրա, իր մարմնույն մեջ ներմուծելով Քառթիե Լաթենի ապականյա, երիտասարդության ժահրը: Այս էր ահա իր բժշկական բլոոր պարապումն, ու տարիներ կը հաջորդեին