Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/355

Այս էջը սրբագրված է

այս հանկարծական աղքատությունն, ուսկից մեծագույն հանցանք գործած ըլլալե ավելի կամչնար:

Իր զայրույթն օրապահիկ հացի կարոտ մնալեն ավելի իր հաճոյալից կյանքեն բաժնվելուն համար եղավ, ամսո մը չափ քովի ստակովը դեռ քշքշվեցավ, վարանյալ, առանց որոշում մը տալու, կարգադրություն մը ընելու, չի կրնալով դեռ յուր չքավորության համոզվիլ. բայց նեղությունն երկաթե շղթայի մը պես զինքր չորս կողմեն կաշկանդեց. ամենուն պարտք ըրավ գիտնալով հանդերձ որ անկարող էր իր պարտքերն հատուցանելու. պարտապահանջները շատցան, ձայներնին բարձրացուցին. մեջերնեն խստասիրտ մը մինչև զինքը բանտ դնելու չափ սպառնացավ:

Վատասիրտ անձ էր, իր գլխուն ճարը մտածելու, գտնելու անկարող: Բնակած տանը մոտ հայ ուսանողներ կային որոց ո՛չ քովը գացած էր և ոչ երբեք մտերմություն հաստատած անոնց հետ։ Այս հուսահատական վիճակին մեջ անոնց ապավինեցավ: Անոնցմե մին մանավանդ իրեն գթաց և օգնեց, անոր խորհրդովը քաջալերված թողուց իր բնակարանն ու կարասիներն, իր ընկերուհին թողլու պետք չի մնաց, վասն զի արդեն մեկնած էր դրամական շփոթությանց լուրն առնելուն պես:

Աժան սենյակ հինգերորդ դստիկոններու մեջ միայն կար, ու ճարահատ՝ տանյաց վրա թառող թռչուններու պես մթին ու խոնավ փողոցի մը մեջ, քայքայուն տան մը բարձրագույն հարկը անկյուն մը գնաց մտավ:

Հոն վերստին սկսավ շարունակել իր ուսումը, բայց ապրելու դժվարությունն առաջին ու գլխավոր զբաղումն եղավ իրեն: Շատ գիշեր լույս չունեցավ սենեկին մեջ, շատ անգամ ողորմություն բաշխող պանդոկներուն դրան առջև սլքտաց առանց համարձակելու ողորմություն խնդրելու, անոթի էր անշուշտ, այդ միջոցին ճանչցավ ստակին կարևորությունը, հետին խնայողության դատապարտված, ամեն գնած նյութերը միշտ անհավատալի կերպով սուղ թվեցան իր պարապ քսակին, հիրավի, այս մայրաքաղաքն աղքատաց բնակելու տեղը չէր: