Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/356

Այս էջը սրբագրված է

Պոլիս դառնալ, այս եղավ այնուհետև իր միակ հույսն ու մտածումը։

Հայ ուսանողաց բարեսրտության ապաստանած՝ կրցավ ավարտել վերջապես իր բժշկական ուսումը չորս երկար տարիներե վերջը, վասն զի թշվառության տարիներու պես ոչինչ կա երկար տևող աշխարհիս վրա։

Առջի սրամտությունն ու հիշողությունը չուներ, բայց քննիչները ներողամիտ էին ու բախտն հաջող, պատահեցավ որ իր բացառապես գիտցած նյութերուն վերաբերին հարցումներն, և ահա այս ձևով միջակ վկայականի մը արժանացած Պոլիս վերադարձավ տոքթոր Տիլպերյան։

Բ.

Լրագիրները՝ արգանդի և ջղային հիվանդությանց մասնագետ տոքթոր Տիլպերյանի անվերջանալի ազդարարություններով լեցուն են։

Մասիսի մեջ, փոխաբերությանց սիրահար խմբագիր մը հայոց գիտական հորիզոնին վրա նոր աստղ ծագած լինելը կ՚ավետե, ու կը թախանձե մեծանուն բժիշկն որ զիջանի Պոլսո հիվանդներն ալ դարմանել։

Մեծ բոմբյունով գործի կ՚սկսեր այս բժիշկը. Պոլիս վերադարձին հեռավոր ազգականի մը մահվամբ չորս հարյուր ոսկվո գումար մը պատեհ ժամանակին ձեռքը կուգար՝ Փերայի մեջ տուն, կահ կարասիք, սպասավոր, գրքատուն, բժշկական գործիք, ամեն ինչ ունենալու համար։

Իր ընտանիքը՝ Պոլսո մեջ ծանոթ ընտանիքներե մին՝ տոքթորին աննման ճարտարութենեն ի զատ ուրիշ խոսք չունի բերանը։

Տաճիկ առած մը կ՚ըսե որ ժամանակը անպիտաններուն է։ Տոքթոր Տիլպերյան այս առածին կենդանի օրինակն եղավ. քիչ ատենվան մեջ իր համբավը շատ ավելի հին, շատ ավելի ճարտար բժիշկներունը գերազանցեց։

Ինքզինքն արգանդի ու ջղային հիվանդությանց մասնագետ