Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/357

Այս էջը սրբագրված է

հռչակելով անօգուտ ու ծաղրելի սնապարծություն մը ցույց տալ չէր իր նպատակն, այլ ստույգ ու շահավետ հաշիվ մը՝ որ «մեկ մեկ ալ երկուք կ՚ընե»ի պես պարզ ու բացահայտ էր. կանանց հատուկ եղող այս հիվանդությանց մասնավորապես աշխատած ըլլալն հայտարարելով, իր հաճախորդաց մեծագույն մասն իգական սեռեն պիտի ըլլար, որոց մոտ բժշկական հմտութենեն ավելի իր փարիզյան ձևերն ու գեղանձն երիտասարդի անդիմադրելի ազդեցությունը՝ բարերար և առողջարար ներգործություն մը պիտի ունենային։

Տոքթոր Տիլպերյան սխալած չէր իր հույսերուն մեջ, իգական սեռի տկարության ճանաչողությանը մեջ, քանի որ քիչ ատենվան մեջ Փերայի ամենեն շատ փնտրվող բժիշկներեն մեկն էր հիմա։

Իր արհեստակիցներն ի զուր անոր հաջողության գաղտնիքը կ՚որոնեին, ի զուր անոր դարմանելու հոռի ու սխալ եղանակները կը քննադատեին. այս բժիշկը գեղեցիկ սեռին հաճելին, վստահելին կը մնար միշտ. կանայք կը պաշտպանեին զինքն ու այսպես հոլանի պարանոցներու և հեշտավետ կուրծքերու կռնակը պատսպարված կը դիմադրեր ամեն հարձակումներով. ի՞նչ կը հասկնային այդ բժիշկները ջղային և արգանդի հիվանդություններն, միթե իրեն պես մասնագե՞տ էին անոնք ալ. ո՛չ, ո՛չ, անոնց պատասխանելու չէր զիջաներ բնավ, ինքը շատերու պես չորս տարիեն բժիշկ դարձած չէր, այլ տասնըչորս տարի գործնականապես աշխատեր էր մեծ վարպետներու քով, որոնք իր տաղանդին վրա հիացած Ֆրանսայի մեջ կեցնել ուզեր էին զինքը. Շառքոյի առաջին աշակերտն էր ինք և զինքը լսելու համար ժողովված տիկնաց և օրիորդաց կը բացատրեր Շառքոյի ո՛վ ըլլալը:

Իգական սեռն իր կողմն էր. բոլորն ալ անոր օգուտները կը տեսնեին ու անով միայն առողջանալու կարելիության կը հավատային։

Այրերն այս կույր հավատքին դեմ մաքառելու անկարող էին. տոքթոր Տիլպերյանի գործած հրաշքներուն թվումը՝ ամեն պայքար անօգուտ կը դարձներ, միթե տոքթոր Տիլտերյան չէ՞ր որ оրիորդ Շամլյանի գլխուն ցավը աղեկցուցեր էր,