Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/358

Այս էջը սրբագրված է

միթե տոքթորը չէ՞ր որ տիկին Քարտաշյանի անհանգստությունը դարմաներ էր և ասոնց պես անթիվ պատմություններ, որոնց ներքև, ջրհեղեղի մը տակ մնալու պես, էրիկ մարդոց տկար դիտողությունները կ՚անհետանային։

Հետևաբար տոքթոր Տիլպերյան իր ճամփան գտեր էր. ո՛ւր որ հրավիրվեր, թե՛ փորի ցավ ըլլար, թե՛ գլխու ցավ, վարժվեր էր ջղային կամ արգանդի վերաբերյալ նկատելու հիվանդությունը։ Պատահեցավ որ հայտնի թոքախտավոր աղջկան մը քով տանին զինքն և տոքթորը չի վարանեցաց հայտնելու թե ջղային թոքախտե մը կը տառապեր հիվանդը:

Թե որ իր դարմանումն արհեստական և գիտական տեսակետով շատ անգամ անհարմար ու երբեմն վտանգավոր իսկ լիներ, տոքթորն այդ փոքրիկ թերությունը՝ խոսվածքին քաղցրությամբն ու վարմունքին վայելչությամբն անշուշտ կը լեցներ, կատարյալ սալոնի մարդ էր եթե ոչ Ակադեմիայի բժշկական խոժոռություն չիկար իր դեմքին վրա, ու երբեմն առժամանակյա ու անհրաժեշտ ծանրությամբ մը հանդերձ, Փարիզի պուլվառներուն վրա ճեմողի մը հովեր կային վրան որ կիները կը հափշտակեր:

Նամանավանդ կանանց ամենեն վատթար սովորությանց անվնասության, թերևս օգտակարության կողմնակից բժիշկ մ՚էր. դեմքի վրա, մազի վրա քսվելիք ներկերու կամ քոռսեի կուսակից բժիշկներն հազվագյուտ են և տոքթ. Տիլպերյան ալ ավելի կը սիրվեր այս ներողամիտ սկզբանց համար։

— «Սիրուն մարդ է» կ՚ըսեին կանայք անոր վրա խոսած ատեննին և իր այցելությանը կ՚սպասեին ավելի ախորժելի խոսակից մը տեսնելու անհամբերությամբ քան թե բժիշկ մը:

Իր տեսակ տեսակ արկածներով բեղմնավոր անց յալեն, 14 տարի վարած փարիզյան կյանքեն, փոքրիկ հատված մ՚ուներ միշտ ընծայելու իր հիվանդին. նամանավանդ հաճելի և ճաշակավոր մեծարանքներով կը համեմեր իր բժշկական քննությունը։

— Ի՜նչ քնքույշ թև մ՚ունիք, տիկին, կ՚ըսեր միայն բազկերակը թռնելով։

Երկրորդի մը՝