Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/359

Այս էջը սրբագրված է

— Ձեր մարմինը գիտական տեսակետով ամենեն բարեձևն է, կ՚ըսեր այնպիսի ժպիտով մը որ հիվանդին սրտին մինչև խորք կը թափանցեր։

Եվ այսպես կը վաճառեր իր զեղեցիկ երիտասարդի և բժշկի արվեստն: Իր մտած ելած տուներուն մեջ ամեն գաղտնյաց և ամեն գայթակղելի դիպվածոց տեղյակ՝ գաղտնապահ ու անհրաժեշտ մարդ մը համարված էր։

Բայց այցեգինի վրա կատակե չէր ախորժեր, իր կարծյոք ամեն հիվանդ մեկ մեկ դրամի հանք էր զոր շահագործելու գաղափարն ուներ միայն։ Հիվանդներ ուներ որոց վրա ավելի կը վստահեր քան թե կալվածատեր մը իր եկամուտին վրա։

Օր մը Օրթագյուդ ոսկերչի մը տունն հրավիրվեցավ, անոր հիվանդ կինը դարմանելու համար։

Քառասունը հազիվ անցուկ, գիրուկ, ուժեղ, էրկնեն դժգոհ, գեղանի խարտիշուհի մ՚էր. բոլոր բժիշկները սրտի հիվանդություն մը գտած էին անոր վրա. տոքթոր Տիլպեր արգանդի տկարություն մը տեսավ երկար դաբմաններու կարոտ։

Առանց հարուստ ըլլալու, ազնվական ընտանյաց զավակ էր ամուսինն և պատրաստ իր ունեցածը ծախսելու՝ կնոջը խանգարյալ առողջությունը վերադարձնելու ու անոր հավիտենական գանգատներեն ազատելու համար։

Սոֆիկ հանըմ, իր տարիքին հակառակ, հեշտության ու սիրո անսպառ գանձեր կը պահեր իր սրտին մեջ թաղված, իր անզգա ու տգեղ ամուսինը որո հարուստ ամիրայի զավակ ըլլալեն հրապուրվեր էր, հազիվ երկու երեք տարի արժանացեր էր իր գորովանաց։

Եվ աակայն Հակոբիկ աղան այս կնոջ հետ ամուսնանալուն համար միայն հարկադրվեր էր թողուլ իր ընտանիքն և է զրկվիլ հայրենի ժառանգութենեն. ու ընտանյացը ծոցեն վտարված՝ անձնական աշխատությամբը ու սորված արհեստին շնորհիվ կը հոգար իր ապրուստի համեստ միջոցները, մինչ անդին յուր եղբարքը կը տիրանային հորը թողած բոլոր հարստությանը: