Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/36

Այս էջը սրբագրված է

մը, մարմնեղ, արյունոտ անձ մը. հորը ձեր, հորը լրջությունը։

Այս ամենը կարգով ամփոփեց շարեց մտքին մեջ ու խորունկ գոհունակություն մը զգաց․ հետո, ցատկեց տեղեն շուտով, հագվեցավ, մազերը սանտրեց, պատեն կախված հայելիի մեծկակ կտորի մը մեջ նայեցավ. այն ատեն, առջի անգամ ըլլալով ուշադրությամբ դիտեց իր դեմքը, աղվոր ըլլալուն հաճույքը զգաց ու վար իջավ։

Գ.

Սուրբիկ հանըմին աղվոր պեսլեմեն ամենուն բերանն էր գեղին մեջ։ Աղաներն ալ, հանըմներն ալ Սուրբիկ հանըմը կը շնորհավորեին։

Պզտիկ ու անգիտակից պչրանքով կը հագվեր անիկա, իր հանըմին պատվերին համեմատ, ճերմակ մաքուր գոգնոց կապած առջին։ Իրիկունները, աշխատությունները լմննալեն ետքը, ամենեն վերի հարկը իր փոքրիկ սենյակը կ՚երթար, պատուհանին առջև կը նստեր, շոգենավեն ելլողները դիտելու համար, մինչև որ վարեն կանչեին զինքը։

Տանը մեջ կ՚սկսեր վարժվիլ. իր առած ամսականը ամբողջությամբը գեղ կը ղրկեր, էրկանը ձեռքը, ու գոհ էր այս կյանքեն։ Միայն երբեմն խուլ անհանգստությունը ուներ վտանգի մը զոր չէր տեսներ, ճիշտ ինչպես սենյակի մը մեջ ինքնիրենը նստած մեկը, նույնիսկ աչքը գոց պահուն, կ՚զգա ուրիշի մը ներկայությունը, աչքը դեռ չբացած։

Այս վտանգը ավելի օդին մեջն էր քան թե շոշափելի բան մը։ Չէր գիտեր հաստատ կերպով թե ի՞նչ էր իրեն սպառնացող բանը, բայց զգույշ կենալու պետքը կ՚զգար։

Այս Պոլսո մարդիկը, իրենց բոլոր քաղաքավար վարմունքին հակառակ, կնկան նայելու ձևեր մը ունեին, որ համբուրելու պես կը դպչեր իր երեսին և իր նոր հարսի, գրեթե կույսի ամչկոտությունը կը վիրավորեր ամեն վայրկյան։ Միմիայն իր կնոջական բնազդովը կ՚զգար լուռ իղձերու հովը որ իր շուրջը կ՚ելլեր, կը բարձրանար, երբոր էրիկմարդոց առջև