Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/360

Այս էջը սրբագրված է

Բարեմիտ, ուղղամիտ և հաստատամիտ մարդ էր այն վայրկյանեն հ՚որում յուր հայրը՝ Զարֆճյան Պողոս ամիրան ամեն ճշմարիտ ամիրայի պես անողոք ու բռնավոր, իր բացարձակ արգելքին հակառակ որդվույն ամուսնությունը լսելով զայրացեր ու ապտակ մը զարնելով տունեն դուրս վռնտեր էր զինքը, նույն վայրկյանեն իր հորը, իր ընտանյաց անունը բերանը չէր առած անգամ մ՚ալ ու տարիներն անցեր էին. հայրն իր հայրական ու ամիրայական իշխանության դեմ գործված անարգանքը, որդին իր կերած ապտակը ու տեսած նախատինքը չէին մոռցած, և միևնույն արյուն կրող այս երկու մարդիկն օտարական ու հակառակորդ մնացեր էին իրարու։ Մյուս եղբարքն որոց այս գժտությունը հայրենի ժառանգության ամբողջությունը կ՚ապահովեր, ջանք խնայած չէին անդարձ ու վերջնական ընելու այս հեռավորությունը։

Պողոս ամիրան՝ խստակրոն մարդ որ հավատքի ու կրոնական պարտավորությանը մեջ փախուստի ճամփա գտնել չէր գիտեր, այս քենը սրտին մեջ այլևս հաղորդություն չէր կրցած առնուլ. ինքն որ ամիս մը առանց խոստովանության ու հաղորդության անցուցած չէր և իր բարեպաշտ սովորության համեմատ ամեն կյուրակե առավոտ կ՚երթար եկեղեցին պատարագ տեսնելու, այդ սուրբ խորհուրդեն զինքն ի բաց վանող արգելքն հիշելով ամեն անգամ ավելի զայրացած կը դառնար տուն։ Ա՛հ, թե որ մեկը միջնորդեր այդ ըմբոստ որդվույն համար, զոր մյուսներեն ավելի սիրած էր միշտ, եթե նույն ինքն Հակոբիկն իր ոտքով գար հայրական աջն համբուրելու զատկի առտու մը, Պողոս ամիրան մարդոց երջանկագույնը պիտի ըլլար։

Զատիկն ու ծնունդը կը հաջորդեին ու ոչ ոք կ՚երևար, ու ոչ ոք կը բարեխոսեր այս կորուսյալ որդվույն նկատմամբ որ իր հայրական ու քրիստոնյա սրտին համար մշտատև ու անդարմանելի վիշտ մը կը մնար։

Այս խորին ցավն իր կյանքը դառնացուց. օր մը հանկարծ Հակոբիկին աղջիկ զավակը տեսնել ուզեց, հրաման ըրավ որ երթան անմիջապես իրեն բերեն զայն. զինքը շրջապաաող որդիքն ապշեցան ու վախցան. տուն են բաժնված օրեն զայրացյալ