Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/361

Այս էջը սրբագրված է

հորերնուն հարգանք մը ցույց տալու պատրվակով Հակոբիկին խոսքն արգիլված էր տանը մեջ։ Անոր զավակ մ՚ունենալն առավելագույն իրավամբ գազանի, բոլորովին գաղտնի պահված էր. և ահա ամիրան անունն անգամ սորվեր էր և տեսնել կը փափագեր մանկուհին։

— Թող Օրթագյուղ երթան ու Երանիկը ինծի բերեն, ըսեր էր:

Օրթագյուղ ըսած էր՝ Հակոբիկին անունը չի տալու համար։

Մանկուհին բերին ու Պողոս ամիրան սիրեց, պագավ, ու գիրկն առնելով իր ընդարձակ ապարանքին բոլոր սենյակները ցուցուց. պարտեզ տարավ ու ջերմոցին էն հազվագյուտ ծաղիկներն ու պտուղները փրցուց անոր տալու համար, թեև շարունակ իր քով գտնվող մյուս թոռանը երեսն անգամ չէր համբուրած։

Մարդ չի համարձակեցավ դիտողություն ընելու, մինչդեռ Երանիկ իբրև թե գիտնար թե իրն ալ էր այդ բոլոր ճոխությունն, այդ մեծ ապարանքն, այդ ծաղկալից ու ընդարձակ պարտեզն իր բոլոր շատրվաններովը, մեկեն մտերմացեր էր իր պապուն հետ և շատախոս հետաքրքրությամբ, որ ծերունի հավուն զմայլանք կ՚ազդեր, ամեն բան հասկնալ կ՚ուզեր։

Պողոս ամիրան երջանիկ էր այս հարցումներուն պատասխանելով. ինքը տկար ու չորաբեկ ծերունի ոևէ հոգնություն չզգաց կարծես ժամերով գիրկը առնելուն այդ մեծ ու սև աչերով, հստակ ու խրոխտ նայվածքով մանկուհին որ հայրական ցեղը կը հիշեցներ։

Սրտահույզ զուգավորություն մ՚էր պապուն խորշոմած դեմքն ու աղեբեկ մազերը թոռան վարդագույն մանկական երեսին ու խարտյաշ խոպոպյաց քով: Կես դար կը բաժներ այս երկու մանուկները.

— Հոս կը կենաս այս գիշեր, ըսավ կամացուկ մը մանկուհվույն ականջն ի վար, ասիկա քուկին տունդ է։

— Իմ տունս հայրիկիս տունն է, պատասխանեց փոքրիկ աղջիկն առանց գիտնալու թե որքան մահացու հարված մը կուտար ծերունվույն սրտին։

Ծերունին ալ չի կրկնեց առաջարկը: