Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/363

Այս էջը սրբագրված է

Սոֆիկ հանըմ գոնե լուր ղրկելու, դատ բանալով սպառնալիք ընելու կողմն էր:

— Տեսնաս ի՞նչպես պիտի վախնան, կ՚ըսեր էրկանը, շարունակ այս խնդրույն վրա բերելով խոսակցությունը, գոնե քիչ մը բան ձեռք կ՚անցունենք։

— Աղքատներն իրավունք չեն կրնար շահիլ այս աշխարահիս մեջ, իրենց թող ըլլա գողության վաստակը, կը կրկներ Հակոբիկ աղան որ այս մասին զիջողություն ըրած չէր երբեք կնոջն:

Եվ այր ու կին տասն տարիե ի վեր, հորմե հետե Պողոս ամիրան մեռած էր, երկուստեք անհողդողդ կը շարունակեին այս վեճն ու կռիվը։

Եվ ահա քսանևմեկ տարի կ՚ըլլար ամբողջ որ միասին կ՚ապրեին և Սոֆիկ հանըմ կը կատղեր մտածելով որ հարսնքու աղջկան մը տեր եղած, գրեթե ծերացած էր առանց գոնե երեսը տեսնելու այն երջանկության զոր իր դյուրաբորբոք բնավորությունը երևակայել կուտար իրեն աղջիկ եղած ատենը:

Այս միակ զավակը մեծնալով հետզհետե աչքեն ելած էր. տանը մեջ, ամեն վայրկյան իր աչքին առջև իր շուրջը գարձող, պտտող, խնդացող, երգող այդ պարմանուհին կարծես թե իր ծերությունը շարունակ երեսը զարնելու համար կը ծիծաղեր: Առանց անոր ներկայության Սոֆիկ հանըմ իր կլորիկ դեմքովը, խրոխտ ու մսոտ կուրծքովը ու վայելուչ հասակովը դեռ երիտասարդ կին մ՚էր, տարիքը տասը տարի պակաս ցույց տալու կարող, բայց իր աղջիկը՝ կենդանի ծննդյան վկայագրի մը պես իր քովն էր միշտ որ իր ընդունայն անցած օրերուն դառնությունը կը հիշեցներ։

Այս հարատև նեղութենեն ու գայրույթեն երևան ելեր էին սրտի հիվանդության մը սկզբնավորություններն. այն ատեն ա՛լ իր դժգոհանքը չափ չէր ունեցեր, օրն ի բուն ինքզինքն էրկանը ձեռքը մատնված մարտիրոսուհի մը կը նկատեր։ Ո՛չ հայազգի, ոչ օտարազգի բժիշկները օգուտ ըրին անոր մոլեգին սրտին. տոքթոր Տիլպերյան բացառություն մը եղավ բժշկաց անկարողության մեջ:

22 Գրիգոր Զոհրապ