Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/364

Այս էջը սրբագրված է

Առջի այցելութենեն, Սոֆիկ հանըմ հայտնեց թե բարվոքում մը կ՚զգա իր վիճակին մեջ. երկրորդ ու երրորդ այցելությունք այս համոզումը շարունակեցին. ամուսին այցեգիները կը վճարեր անտրտունջ առանց հարցնելու փնտրելու, մինչդեռ կինն հաղթական ու հանդիմանական եղանակով կը գոչեր.

— Տեսա՞ք մի բժիշկը, մեկ անգամեն ճանչցավ հիվանդությունս, իբրև թե ուզեր ամուսինը պատասխանատու բռնել առաջուց տոքթոր Տիլպերյանը չի բերելուն:

Էրիկը գլուխը կ՚օրորեր այս խոսքերուն դեմ. մեծ վաստակին տերը չէր ու հեք մարդը կը մտածեր թե իր ամսական շահը տոքթորին այցեգիները վճարելու չէր բավեր:

Մտքեն անգամ չանցուց իր կնոջ առաջարկելու որ վերջ տա անոր այցելությանց. առջի բառեն կը գուշակեր սպառնալից փոթորիկ մը որ իր գլուխն պիտի պայթեր ամուսնանալեն ի վեր, փոխադարձ հակակրություն մը եղած էր իրենց հարաբերությունը. միայն իր աղջկան ծնունդն սփոփանք մը եղած էր իրեն առանց անդորրություն կարենալ բերելու տանը մեջ և էրիկը լուռ ու անձայն իր բոլոր գորովն ու սերը այս մեկ հատիկ զավկին հատկացուցեր էր, զոր մայրն անհավատալի անտարբերությամբ կը լքաներ կամ կրթելու պատրվակով կը ծեծեր: Հակոբիկ աղա՝ հայր ու մայր եղած էր միանգամայն իր զավկին:

— Մայրդ է, աղջիկս, համբերելու է, կ՚ըսեր անոր, երբ մանկուհին կը գանգատեր օրն ի բուն մորը ձեռքեն քաշած նեղություններեն:

Ու կը համբերեին, մինչդեռ Սոֆիկ հանըմ իր վեճերով, կռիվներով, գանգատներով տունը կը լեցներ. սպասավորները խույս կուտային ու դրացիներն՝ անոր անհանդուրժելի բնավորության տեղյակ՝ չէին տեսնվեր հետը: Այս կերպով ինքզինքը միայն կ՚սպառեր յուր անվերջ սրտմտությամբը:

Տոքթոր Տիլպերյան մեղմացուց այս դժգոհ ու դյուրագրգիռ հիվանդը. իր պատվերները գերազանցապես ախորժելի էին:

— Դուք ազատության, սրտի հանգստության պետք ունիք. տիկի՜ն, կ՚ըսեր բժիշկն երկարորեն մտիկ ընելով անոր մերկ