Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/365

Այս էջը սրբագրված է

ու դողդոջուն կուրծքը, նեղություն ու մտմտուք չի գար ձեզի, նամանավանդ բնավ դող ելլելու չեք։

— Դող չելլե՞լ, տոքթոր, ամեն օր զիս հատկապես կը բարկացնեն։

— Ո՛չ, ո՛չ, չըլլար, կը կրկներ բժիշկն անոր ձյունաթույր պարանոցին վրա հակելով իր գեղեցիկ գլուխն ու իր քննությունը շարունակելով։

Եվ պատվերները կը շարունակվեին, մինչդեռ հիվանդը քաղցրալուր եղանակի մը ունկնդրելու պես մտիկ կ՚ըներ բժշկին ձայնին։

— Դուն զիս պիտի ազատես, տոքթոր, կ՚ըսեր աննման հավատքով մը։

Ամիսները կը սահեին այս հաճելի տեսակցություններով, թեև ամեն անգամ բժշկին տված հրահանգը նոր ծախքի դուռներ կը բանար ամուսնույն. այսօր կառքով շրջագայելու հարկ կը տեսներ, վաղը շոգենավով, ուրիշ անգամ մը կը պատվիրեր Կղզին օթել մը երթալ առանձին, վասն զի իբրև տան բժիշկ՝ էրիկ կնոջ մեջ եղած հարատև գժտության տեղյակ էր:

— Առանձին երթալ պատվիրեց բժիշկը, կը կրկներ իրիկունը հիվանդն իր ամուսնույն, որ ամեն ընդդիմութենե հուսկտուր՝ տեղի կուտար։


Հակոբիկ աղան այն պարզամիտ ու համակերպող անձերեն էր որք ընդհանրապես խաբեբաներու ու մասնավորապես կանանց զոհը լինելու դատապարտված են։ Շուկային մեջ առուտուր չի կար, իր դրամագլուխը խորելով ուրեմն այս բոլոր անօգուտ ծախքերը կը հոգար, իր կինն առանձին օթել ղրկելու գաղափարն՝ առջի անգամ տարօրինակ երևցավ, բայց բժշկին հրամանը բացորոշ էր։

Գրեթե տարի մ՚ամբողջ այսպես անցավ ու ոսկերչին անձկությունն երթալով ավելցավ։ Շաբաթն երկու անգամ բժիշկն անվրեպ կուգար սահմանյալ ժամուն: Ալ հիմա ընտանի մարդ էր գրեթե. Հակոբճան աղայի դրամական կարողությունը գիտեր կնիկեն առած տեղեկությամբը. իբրև խորհուրդի և ծրագրի մարդ անմիջապես Հակոբ աղայի համար ընտանյացը հետ հաշտվելե ուրիշ փրկության միջոց չէր տեսած։