Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/366

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ հարկ անտեղի հպարտությամբն հայրենի ժառանգությունը չի պահանջել ու իր հիվանդությունը դարմանելի անկարող մնալ:

— Բերանդ պագնեմ, տոքթոր, կը գոչեր Սոֆիկ հանըմ, բժշկին շահավետ խորհուրդներեն հափշտակված, եկու տեսա մարդուն հասկցո՛ւր:

Իր առողջական վիճակը սակայն իր բոլոր հայտարարությանց հակառակ ոևէ բարվոքում ցույց չէր տար. բայց ասի ավելի իր էրկանը պետք էր վերագրել քան թե տոքթորին:

— Քառլսպատ պատվիրեց բժիշկը, կ՚ըսեր դիտողություն ընողներուն. հոս մնալով անկարելի է առողջանալ. ի՞նչ հանցանք ունի մարդը, թե որ իր պատվերները չենք կրնար գործադրել:

Ու այսպես ստակը կ՚երթար ու օգուտը չէր տեսնվեր: Հայնժամ այր ու կնոջ մեջտեղ կռիվ ու վեճն սկսավ ավելի սաստկությամբ:

Սոֆիկ հանըմ նախամեծար կը համարեր մեռնիլ քան թե այնքան աղուտները տեսած բժիշկեն բաժնվիր:

Դրացին ու գյուղացին, ազգականն ու օտարականն ա՛լ բամբասել կ՚սկսեին այն տարօրինակ հիվանդն որ իր ան օգուտ ու երիտասարդ բժշկեն չէր կրնար անցնիր

էրիկն այս ամոթալի խոսքերը լսեց ու զայրացավ. կինն ինքն ալ ապշեցավ այս տարապարտ կասկածներուն վրա:

— Ի՜նչ զրպարտություններ են ասոնք, գոչեց բարկութենեն կաս-կապուտ կտրած, այսքան օր է տունս կուզա կերթա, բնավ անպատշաճ բան մը ըրած չէ. չա՞մչնար ադ էլպիս հանըմը որ այս տեսակ խայտառակ խոսքեր կը հանե. եղբորդ կինը պիտի ըլլա, ասոր անոր վրա աղտ քսելուն թող քեզմե հափշտակած ստակնին վճարեն, անկե վերջը քիչ մ՚ալ իր վրա ըսվածներուն ականջ տա. մարդ չէ զտեր՝ սպասավորներուն հետ ժամանակ անցունելու ելեր է. բերանս չի բանամ:

Սոֆիկ հանըմ հուզյալ ու դողդոջուն իր բոլոր զայրույթք դուրս կը թափեր հրաբուխի նման, իր ներոջը բոլոր գայթակղալից պատմությունները կրկնելով ըստ կարի իր վրեժը կը լուծեր: Եվ հիրավի ինք ախորժելե, թերևս չափազանց ախորժելե