Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/367

Այս էջը սրբագրված է

ավելի հեռուն գացած չէր տոքթոր Տիլպերյանի մասին, մինչդեռ իր ները Պյոյուքտերհի քարափն ամենեն տարօրինակ և ամենեն անամոթ հարաբերություններով լեզու հանած էր:

Ներքնապես սակայն ինքն ալ մեղադրեց տոքթորին հետ օտարած չափազանց ընտանությունը։

— Ի՞նչ ընեմ, կ՚ըսեր ասոր անոր, ուրիշ մասնագետ մը չիկա. ուզեմ չուզեմ անկե զատ մեկը չեմ կրնար կանչել:

Բայց ոչ ոք կ՚ընդուներ այս ծաղրելի բացատրությունն ու բամբասանքը երթալով կը շատնար:

Այն ժամանակ Սոֆիկ հանըմ ավելի խելքի մոտ միջոց մը որոնեց բժշկին հետ իր մտերմությունն արդարացնելու ու պահպանելու համար։

— Տոքթորը Երանիկին շատ հավնած է, ըսավ էրկանը, ամեն անգամ անոր գովեստը կընե, կարելի է ուրիշ դիտավորություն մ՚ունի։

Հակոբ աղան հանհունս կը սիրեր իր զավակն: Երանիկ եկեր հասեր էր, ինքը վերջին տարիներուն ձախորդութենեն օժիտ մը չէր կրնար հատկացնել անոր ամուսնության. աղջիկը կարգել, գոհ ու երջանիկ տեսնել ու ապա մեռնիլ, այս էր միակ մտմտուքն ու միակ փափագն, այս բարի մարդուն, այս անձնվեր հոր, ու այս փափագին իրագործումը երթալով անհավանական՝ գրեթե անկարելի կ՚երևեր որքան ժամանակը կը մերձենար, իր երջանկության երազն ստվերի մը պես խույս կուտար իրմե որքան որ ինք անոր ետևեն կ՚իյնար: Տոքթոր Տիլպերյանի իր զավակը ուզելուն հավանականությունը լսելով, Հակոբիկ ազան վարանեցավ ու երկու սուրի մեջ մնաց:

— Աղեկ գիտե՞ս գոնե, հարցուց կնոջը։

Եվ այնուհետև տոքթորին այցելություններն ավելի համակիր ընդունելության հանդիպեցան։

Գ.

Երանիկ տասն և ութ տարեկան կար, իր մոր նման գեղանի խարտիշուհի մը, ավելի փափուկ, ավելի թարմ, ավելի քնքույշ