Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/368

Այս էջը սրբագրված է

ու ավելի վեհերոտ աղջիկ մը, իր կուսական անմեղության մեջ։ Հորը պես հաստատամիտ, պարկեշտ ու հեզահամբույր էր. թեև համեստ վիճակով մեծցած, բայց մեծահարուստ օրիորդի մը պարզասեր ճաշակն ու վեհանձն անտարբերությունը կար յուր վրա։ Ամիրայի թոռ էր։ Ինքը միայն խելահաս եղած ատեն հորը իրավունք տված էր պապուն ժառանգությունը մերժելուն։

Հակոբիկ աղայի ընտանիքն առանձնակյաց եղած էր միշտ, և տոքթորն առաջին վայելուչ երիտասարդն էր զոր Երանիկ նշմարած էր, այն տարիքեն ի վեր հորում աղջիկ մը ուշադրություն կը դարձնե երիտասարդի մը։ Իր միամիտ ու անփորձ ակնարկին առջև կատարելության ու բարեկրթության տիպարն էր այս երիտասարդ ակնոցավոր բժիշկն որուն երկայն ու փայլուն գլխարկն այնքան աղվոր կը վայլեր իր բարեձև գլխուն։ Ամենուն բերնեն գովեստ միայն լսած էր անոր վրայոք և իր սրտին խորը կիսաստվածի մը հատուկ հարգանքով շրջապատեր էր անոր սրտագրավ պատկերը։

Իր գաղտնիքը սակայն և ոչ մեկուն հաղորդած էր. բժշկին գալուն՝ երբեմն դրան մոտ, երբեմն սանդուխին վրա կը հանդիպեր անոր ու «ի՞նչպես եք, աղեկ եք, օրիորդ,— շնորհակալ եմ» մը կը փոխանակեին, վասն զի բժիշկը գտնված պահուն Երանիկ երբեք յուր մորը սենյակը մտած չէր։ Այս էր ընդամենը իր բոլոր հարաբերությունն անոր հետ, բայց ամեն նորահաս աղջկա պես գաղտագողի միջոցներով ուսումնասիրած էր զնա: Բժիշկն ամեն գալուն սովոր էր իր փառտըսյուն դուրսը ձգելու և Երանիկ անմեղ հետաքրքրությամբ կը քններ այդ թեթև զգեստին կերպասն, աստառը, կոճակները, կարող դերձակին անունը, երբեմն գրպանները խառնելու չափ կը հանդգներ, չի բռնվելու համար չորս դին նայելով, առանց որոշ կերպով գիտնալու թե ի՞նչ կ՚ուզեր գտնել, ու կը պատահեր որ մետաքսե կամ վուշե թաշկինակ մը գտներ անոր անվան սկզբնատառերով զարդարված և որուն վրայեն տոքթորին սիրած հոտը, նյու-մոն-հեյի մուզին հոտը կը բուրեր։

Անկե ի վեր ինքն ալ այդ բույրն սկսեր էր գործածել, չէր գիտեր ինչո՛ւ համար։