Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/369

Այս էջը սրբագրված է

Այսպես հազար չնչին բաներով, գաղտնապես, անզգալապես ծներ ու մեծցեր էր յուր մաքուր ու անբիծ սերը, առանց մեկու մը՝ նույն իսկ յուր մորը կասկածն հրավիրելու: Երանիկ տոքթորը կը պաշտեր ինչպես որ սուրբի մը պատկերը կը պաշտեն, առանց փոխադարձ գգվանք մը կամ համակրության ցույց մը սպասելու: Այսչափ ատենվան մեջ ձեռքը չէր բռնած տոքթորին:

Իր սերն, ամեն առաջին սերերու պես, կույր, վստահ ու քիչով գոհացող սեր մ՚էր. տոքթորը շաբաթը մեկ երկու անգամ տեսնելու հույսն ուներ ու ասկե ավելի խնդրելու բան մը չէր գտներ իր կուսական պարկեշտ պահանջումներուն մեջ։

Բժիշկը տեղյա՞կ էր արդյոք որ Հակոբճան աղայի ընտանյաց մեջ իրեն աղջիկ տալու դիտավորություն կար առանց որոշ բան մը ըսելու. մասամբ մը գուշակած էր այս փափագը. և որ տունը գացած էր առանց այս կերպ հույս մը զարթուցանելու։ Օժիտ չի տվողները միջնորդ կանանց բերնով՝ ստակ ունեցողները՝ մետաղին հնչուն ու համոզող ձայնով աղջիկնին առաջարկեր էին և ինքն այս անխուսափելի ընծայումներեն պաշարված, փորձ ռազմագետի մը պես շարժեր էր միշտ օգուտ քաղելով իր դիրքեն։

Ոմանք մինչև իսկ իր տունը, իր խորհրդակցության սենյակը բերած էին իրենց աղջկունքը, մեկ մեկ պատրվակավ տոքթորին ցույց տալու համար։

Երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերն հորում հիվանդներն իր Փերայի տան մեջ կ՚ընդուներ, իգական սեռը կը խռնըեր հոն, սամաթիացի Փառանձեմ տուտուեն սկսյալ մինչև փերացի տիկինները, և տոքթորը գիտեր զամենքը գոհացնելու ճամփան, մեկուն անույշ խոսք մը, մյուսին կատակ մը, երրորդի մը ակնարկ մը ուղղելով և ոչ մեկուն սիրտը կը կոտրեր: Եվ իրիկվան ժամր 12ին երբ ա՛լ վերջին հիվանդը կը մեկներ, տոքթորը մեճիտիեներու կույտ մը կը գտներ իր դարակին մեջ։

Հակոբճան աղայի տան մեջ իր կացությունն ավելի ձախող էր անշուշտ։ Կինն իր խուսափելու վրա եղող երիտասարդության ու հրապույրին բոլոր ուժգնությամբն, աղջիկը նորածիլ